Կարևոր իրադարձություններ

Հաջորդ կայարանը՝ Մանկություն (լուսանկարներ)

01 Հունիս, 2023 17:14
Հաջորդ կայարանը՝ Մանկություն (լուսանկարներ)

Նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն:

Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։

Երևանի մետրոպոլիտենը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալ էր երեխաներին։ Հյուրերի թվում էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։

Տոնական օրվա կապակցությամբ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան։

Շրջայց կատարելով կայարանային համալիրում՝ փոքրիկ ուղևորները ծանոթացան  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքներին։

Մուլտհերոսների, ծաղրածուների ու սպասված հեքիաթի հերոսների ուղեկցությամբ հեքիաթային գնացքը ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ», որտեղ երեխաները մեծ սիրով ու ոգևորվածությամբ ծանոթացան իրենց տաղանդավոր հասկակակից ընկերների ձեռքի աշխատանքներին․ ներկաներից շատերն էլ տեսան իրենց ստեղծագործությունները։

Փոքրիկ նկարիչների աշխատանքներում կարելի էր տեսնել խաղաղության աղավնիներ, տուն ու ընտանիք պատկերող նկարներ, ծաղիկներ, դիմանկարներ ու ինքնանկարներ։ 

Օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և 

ընտանիքի աջակցության  և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից։

Հունիսմեկյան տոնախմբությունը շարունակվեց մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանների մոտ, որտեղ երեխաները նկարվեցին իրենց սիրելի հերոսների հետ, պարեցին, երգեցին, մասնակցեցին մրցույթների, համտեսեցին ամենահամեղ պաղպաղակն ու ստացան փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։

Օրվա առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքն երեխաներին մեկն է՝ խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին