Կարևոր իրադարձություններ

Ինձ համար Արմենը դեռ ծառայության մեջ է, մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. «Փաստ»

16 Մայիս, 2023 09:15
Ինձ համար Արմենը դեռ ծառայության մեջ է, մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Արմենը հոգատար էր, մեծերին հարգող: Ճշտախոս էր: Խաբել չէր սիրում, տանել չէր կարողանում սուտը: Լավ, թե վատ մի բան անելու դեպքում էլ ասում էր՝ ես եմ արել: Նա փոքր տղաս է, երկու եղբայրներն իրենից մեծ են 14 և 12 տարով: Յուրաքանչյուրի խորհուրդը լսում էր, ընդունում: Աշխույժ էր, ընկերասեր, մեծ շրջապատ ուներ, կարելի է ասել, որ ընկերների մեջ լիդեր էր: Իր խոսքին ու խորհրդին հետևում էին: Ցանկացած հարաբերությունների մեջ անկեղծությունն էր սիրում, կեղծիքը տանել չէր կարողանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Արմենի մայրիկը:

Վերհիշում է՝ միշտ ընկերներով էր շրջապատված, իր օրը նրանց հետ էր անցկացնում: «Մեկ-մեկ, երբ հարցնում էի, թե ինչո՞ւ շուտ չես գալիս տուն, ասում էր՝ ոչինչ, մա՛մ, սովորի՛ր, բանակ եմ գնալու: Կամաց-կամաց մեզ պատրաստեց, որ ամեն ինչին հարմարվենք»: Մայրիկի խոսքով, մինչև վեցերորդ դասարանը որդին լավ է սովորել, հետո սկսեց մի քանի առարկաների նախապատվությունը տալ: «Սիրում էր «Կենսաբանություն» առարկան: Ուսուցիչները շատ էին սիրում Արմենին, և, ինչպես ասում են, իր չսովորելը երբեմն նրանց աչքին չէր երևում: Դասղեկն իրեն շատ էր գնահատում: Եթե դասարանում ինչոր կարևոր ու պատասխանատու մի բան պիտի նախաձեռնեին, Արմենը կազմակերպչական և մնացած հարցերը լուծողի դերում էր, անգամ դպրոցն ավարտելուց հետո դասղեկը կարող էր զանգել և ինչ-որ հարցով դիմել Արմենին, երբեք մերժում չէր ստանում»:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արմենն ուսումը շարունակում է ավագ դպրոցում: «Սկզբում չէր կողմնորոշվում, թե ինչ մասնագիտություն ընտրի: «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին հրաշալի տիրապետում էր, և երբ արդեն ծառայում էր, ինձ ասաց՝ մա՛մ, փոշմանել եմ, որ չեմ ընդունվել Դեղագործական բաժին: Իր ուսուցիչն իրեն մշտապես խրախուսում էր, ասում՝ սովորելու կարողությունն ունես, ինչո՞ւ բուհ չընդունվես, չսովորես: Նրա մոտ պարապող աշակերտներն ընդունվում էին Բժշկական համալսարան, և այդ ոգևորությունը նաև Արմենին էր փոխանցվել: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը, բայց ամեն ինչ կիսատ մնաց...»:

2020 թ. հունվարին շատերիս մտքով անգամ չէր անցնի, որ ամիսներ անց սկսված պատերազմը փոխելու է հազարավոր ընտանիքների կյանքը Հայաստանում և Արցախում, որը թևաթափ է անելու, ապագայի բոլորիս ծրագրերն ի չիք է դարձնելու, միայն հույսն է մնացել, որ՝ «որպես փյունիկ կելնենք կրակից», կարևորը՝ շատ չուշանանք: Արմենը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 14-ին: Մատաղիսում հինգ ամիս ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: «7-8 ամսվա ծառայող էր, երբ իրեն կրկին տեղափոխեցին Մատաղիս, այնտեղ դասընթացների էր մասնակցել, ստացել կրտսեր սերժանտի կոչում: Պատերազմի օրերին էլ դիրքի ավագն էր»:

Մայրիկի խոսքով, Արմենը ծառայության սկզբնական շրջանում մի փոքր դժվարությամբ հարմարվեց, բայց արդեն օրեր անց ամեն ինչ փոխվեց. «Ասում էր՝ մա՛մ, այնքան հագեցած է ամեն օրը, որ չենք էլ հասցնում ֆիքսել, թե երբ է լուսանում ու մութն ընկնում: Սիրով էր ծառայում: Փետրվարի 7-ին իր երդմնակալության արարողությունն էր, գնացինք Արցախ, հետո մարտից ամեն ինչ փակվեց: Ո՛չ մենք կարողացանք իր մոտ գնալ, ո՛չ էլ ինքն արձակուրդ եկավ: Շատ էր կարոտել, ասում էր՝ գոնե մի անգամ արձակուրդ գամ: Ծառայության ժամանակ խրախուսանքներ էր ստացել՝ մա՛մ, չգիտեմ՝ իրենք մեր տուն կուղարկեն, թե ես հետս տուն կբերեմ: Պատերազմից հետո ամեն ինչ կորավ»:

Սեպտեմբերի 25-ին Արմենն իջնում է դիրքերից, զանգում տուն՝ մա՛մ, ամեն ինչ նորմալ է, մի քիչ հոգնած եմ, լողանամ, ինձ կարգի բերեմ, էլի կզանգեմ: «Շատ ամիսներ անց ենք արդեն բացահայտում, որ տղաները գիտեին՝ պատերազմ է սկսվելու, զենքեր էին բարձրացնում դիրքեր: Սեպտեմբերի 27ին զանգեց, ձայնը հանգիստ էր: Իր դասարանի տղաներից մեկն էլ էր իր հետ ծառայում, իրենից յոթ ամիս շուտ էր մեկնել ծառայության: Ասաց՝ Արամի հետ եմ, ամեն ինչ նորմալ է: Միշտ ասում էի՝ Արմե՛ն ջան, զգույշ եղիր, եթե հարմար է լինում, միայն զանգի ու ասա, որ լավ ես ու վերջ, կարևորը՝ ձայնդ լսեմ: Երբ զանգում էր, ձայնը հանդարտ էր, կատակներ էր անում, այնպիսի պահերի էր զանգում, որ կրակոցների ձայներ չէին լսվում, զարմանում էի՝ Արմե՛ն ջան, ախր. պատերազմ է: Միշտ պատասխանում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ պատերազմ, կրակոցի է, էլի: Ինձ հույս էր տալիս, ոգևորում: Եվ ես, իրոք, վստահ էի, որ իր հետ ոչինչ չի լինելու:

Այդ վստահությունն ինքն էր ինձ տվել: Հոկտեմբերի 1-ին վերջին անգամ զանգեց: Զրուցեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ու վերջ: Հետո տեղեկություններ էինք ստանում, որ Թալիշի զորամասի ծառայողներին «Եղնիկներ» են տեղափոխել, այնտեղ էլ կապ չկա: Հույս ունեինք, որ ուղղակի կապի խնդիր է, չի կարողանում զանգել: Մի պահ նաև ասացին, որ հեռախոսներն են հավաքել: Իսկ իրականում իմ տղան զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ Մատաղիսում: Նոյեմբերի 21-ին Արմենին «գտանք»: Բոլորն իրեն էին փնտրում Հայաստանի ու Արցախի ամեն անկյունում: Տղաներս ամեն տեղ գնում էին, մեզ շատ անգամ չէին ասում, որպեսզի էլ ավելի չանհանգստանանք: Տղաս լուր է ստանում, զանգում են ու ասում, որ, կարծես թե, Արմենն Աբովյանի դիահերձարանում է: Գնում են, ճանաչում, մեզ ոչինչ չէին ասել, հաջորդ առավոտյան, երբ արդեն հաստատվեց, որ Արմենն է, նոր ասացին: Եղբայրները գիտեին, որ Արմենը զոհվել է, բայց չէին գտնում նրան: Երբ Մատաղիսից թույլատրեցին տղաների մարմինների տարհանումը, Արմենն էլ տուն «վերադարձավ»:

Ինձ համար Արմենը դեռ ծառայության մեջ է, մինչև հիմա էլ սպասում եմ իրեն: Ճիշտ է, գնում եմ իր մոտ՝ պանթեոն, բայց շարունակում եմ սպասել: Շատ հետո իմացանք, թե ինչպես է իրեն դրսևորել պատերազմի օրերին: Կռվել է, սնունդ հասցրել տղաներին, օգնել վիրավորներին տեղափոխելու հարցում: Վիրավորներին տարհանելուց էլ ԱԹՍ-ն հարվածել է: Վիրավորներին տեղավորել են մեքենայում, ինքն էլ պիտի իրենց հետ մեքենայով գնար, բայց ԱԹՍ-ն հարվածում է: Ասում են, որ եթե մի երեք մետր հեռու լիներ հարվածը, Արմենին ոչինչ չէր լինի»: Իսկ հիմա Արմենի ընտանիքը շարունակում է ապրել, ապրել նաև եղբոր որդու շնորհիվ. նախորդ տարի լույս աշխարհ է եկել փոքրիկ Արմենը:

«Ինձ ապրելու ուժ իմ տղաներն են տալիս, անցած տարի հունվարին թոռնիկ եմ ունեցել՝ Արմենի անունն է կրում: Թոռնիկներս ու տղաներս ուժ են տալիս, որ շարունակեմ ապրել, պետք է ուժեղ լինենք, որ տղաներս ապրեն: Վիշտն իմ հետ է, իմ մեջ: Եղբայրները շատ կոտրված էին, այս մեկ տարին է, որ քիչ-քիչ ուշքի են գալիս, հունի մեջ ընկնում: Թոռնիկս՝ Արմենն է մեզ ուժ տալիս: Արմենի ընկերներն են գնում-գալիս, ամեն հարցում մեր կողքին են, նրանք էլ են կոտրված, Արմենի բացակայությունն իրեն զգալ է տալիս, Արմենի բացակայությամբ ինչ-որ առումով նաև Հրազդանն է դադարել շնչել»:

 

Հ. Գ. - Արմեն Սահակյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Լեռնանիստի դպրոցում Արմենի և պատերազմում զոհված տղաների հիշատակին դասարան է անվանակոչվել: Ջրառատի դպրոցում էլ Կենսաբանության դասարանը կանվանակոչվի 44-օրյա պատերազմում անմահացած Արմենի և Խաչատուրի անուններով: Արմեն Սահակյանը հուղարկավորված է Ջրառատի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ»

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին