Կարևոր իրադարձություններ

Սլավոնականի ուսանողները մտահոգված են. դիպլոմների օրինականության հարց է առաջացել

28 Ապրիլ, 2023 15:30
Սլավոնականի ուսանողները մտահոգված են. դիպլոմների օրինականության հարց է առաջացել

Ավելի քան 22 տարի պաշտոնավարած Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը հեռանում է: Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Դարբինյանն այս մասին հայտնել էր դեռևս ապրիլի 10-ին` ֆեյսբուքյան գրառմամբ: Իր որոշման մասին նա հայտնել է նաև ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ռեկտորի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 14-ին:

«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»-գրել էր Արմեն Դարբինյանը:

Ռեկտորի հեռանալուն զուգահեռ մոտենում է ուսումնական տարվա ավարտը, որն էլ անհանգստացրել է ավարտական կուրսերի ուսանողներին ու նրանց ծնողներին, քանի որ դիպլոմների օրինականության հարց է առաջացել:

Հայ-ռուսական համալսարանի վերաբերյալ նախկինում ստորագրված միջկառավարական համաձայնագրում նշված չէ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կարգը, այսինքն` հարցը նախատեսված չէ գոյություն ունեցող իրավական հիմքով: Բայց ռուսական կողմը տրամադրված է այդ իրավիճակի լուծմանը։ Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլյովսկին։

«Այստեղ, անկասկած, պետք է ուշադիր վերլուծել իրավական բազան, իրավաբանները՝ թե ռուս, թե հայ, զբաղվում են, տարբերակներ են գտնում։ Նման իրավիճակներում գործում են իրավական անալոգիաները, և ամենահարմարը կապված է Հայաստանի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի, աշխատակարգի հետ, և, բնականաբար, բոլոր իրավական մանրամասները պետք է ուշադիր մշակվեն:

Բայց որ ամենակարևորն է, կողմերը, հիմնադիրները, պետությունների ներկայացուցիչները չեն կարող կամքի բացակայություն դրսևորել համալսարանի ապագային վերաբերող հարցի լուծման հարցում։ 3500 ուսանող` շատ լավ, խելացի, արժանի երեխաներ, որոնց ձեռքում է ապագան, հարյուրավոր դասախոսներ։ Մենք իրավունք չունենք կամքի բացակայություն դրսևորել։ Ես, բնականաբար, կարող եմ խոսել միայն ռուսական կողմի անունից, ռուսական կողմն ունի քաղաքական կամք, որն անհրաժեշտ է համալսարանում իրավիճակը դեպի լավը փոխելու համար»,-հավելել է Կոնստանտին Մոգիլյովսկին։

Ըստ խմբագրություն ուղարկված նամակի, սակայն համալսարանում շշուկներ են պտտվում, որ, չնայած իրավական արգելքներին, ռուսական հիմնադիրը պարտադրում է անօրինական՝ հիմնադիր փաստաթղթերով չնախատեսված պաշտոնակատարի նշանակումը»:

Ինչպես նշվում է նամակում, ավարտական կուրսերի ուսանողներն ու նրանց ծնողները ամենօրյա ռեժիմով զանգում են համալսարան, որպեսզի պարզեն իրենց երեխաների դիպլոմների ճակատագիրը, սակայն որեւէ մեկը չի կարողանում պատասխան տալ. համալսարանում չգիտեն հիմնադիրների վերջնական որոշման մասին:

Shabat.am-ը կապ հաստատեց Հայ-ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանի հետ` պարզելու` համալսարանն ինչ դիրքորոշում ունի այս խնդրահարույց հարցի շուրջ, որին ի պատասխան մամուլի քարտուղարն ասաց. «Մենք հուսով ենք, որ Հայ-ռուսական համալսարանի հիմնադիրներ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունն իրենց գործողություններում կհիմնվեն գործող միջպետական համաձայնագրում առկա դրույթների վրա։ Հիմնադիրները պարտավոր են ապահովել հաջորդ ռեկտորի լեգիտիմությունը և ուրեմն ընտրությունը` ըստ գործող իրավակարգավորումների»։

Իսկ թե համալսարանն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ըստ ՀՌՀ մամուլի քարտուղարի` հայ-ռուսական համալսարանն իր դիրքորոշումը, դիտարկումները և մտահոգությունները մշտապես հայտնել և հայտնում է և՛ հայկական, և՛ ռուսական կողմին։

Հավելենք, որ Հայ-ռուսական համալսարանում օրեր առաջ ընդհանուր ժողովի նիստ գումարելու և համալսարանի ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստորագրահավաք էր անցկացվել:

Համաձայն համալսարանում շրջանառվող լուրերի՝ ավարտական կուրսերի ուսանողներն ու ծնողները պատրաստվում են սկսել նոր ստորագրահավաք` պաշտպանելու իրենց իրավունքներ, քանի որ այդքան տարի ուսման վարձ են վճարել ու չեն ուզում դրա դիմաց անօրինակ փաստաթուղթ ունենալ:

Shabat.am-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ նախարարության հետ՝ հասկանալու, թե ինչպես է լուծվելու այս հարցը, որպես հայկական կողմի ներկայացուցիչ` ինչ դիրքորոշում ունի, սակայն գերատեսչությունից ասացին հարցերն ուղարկել գրավոր:

հ.գ. հետևաբար ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը կհրապարակենք գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին