Կարևոր իրադարձություններ

Հայաստանում տարածված մեծահասակների քաղցկեղի վտանգների մասին ֆորում կանցկացվի

31 Մարտ, 2023 15:25
Հայաստանում տարածված մեծահասակների քաղցկեղի վտանգների մասին ֆորում կանցկացվի

Ապրիլի 1-ին Երևանում տեղի կունենա պացիենտական ֆորում, որի նպատակն է բարձրաձայնել Հայաստանում տարածված մեծահասակների քաղցկեղի վտանգների մասին, ինչպես նաև հնարավորություն տալ պացիենտներին խոսել իրենց խնդիրներից։ Ֆորումին կմասնակցեն բուժվող և բուժված ռեմիսիայի մեջ գտնվող պացիենտներ։

 Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների շարքում կանանց մոտ զբաղեցնում է 1-ին տեղը: Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր տարի մեր հանրապետությունում գրանցվում է մոտավորապես 1200 նոր դեպք: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում կրծգեղձի քաղցկեղի 85-95% բուժվում է: Մեր հանրապետությունում, ավաղ, կրծքագեղձի քաղցկեղը 40% դեպքերում հայտնաբերվում է հիվանդության 3-4 փուլում:

Ֆորումի ընթացքում ներկայացվելու են նաև այս պահին պետության կողմից տրամադրվող դեղորայքի կարգավորումները (ՀՀ ԱՆ բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյան), հաշմանդամության կարգերի տրամադրումը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյան)։

Ֆորումը կարևորելով ներկա կգտնվեն՝ Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, բժիշկներ, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ։ 

Արդի խնդիրների քննարկումից զատ՝ նախատեսվում է ֆորումի  համատեղ հռչակագրի մշակում, որը հաջորդող օրերին կուղարկվի համապատասխան գերատեսչություններին:

Եվրոպա Դոննա Արմենիան առաջին պացիենտական կազմակերպությունն է, որը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող Եվրոպա Դոննա եվրոպական կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում: Կազմակերպությանն անդամակցում է շուրջ 46 երկիր Եվրոպայից և Միջին Ասիայից: Գործունեության հիմնական նպատակը՝ հասարակության շրջանում կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության իրազեկվածության բարձրացումն է, հիվանդության վաղ հայտնաբերման առավելությունների և կանխարգելման ընդգծումը:

 

Լրահոս

Դիտել ավելին