ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։
Նախարարը նշել է, որ նախորդ տարվա պետական բյուջեից փաստացի կենսաթոշակային ապահովվածությանն ուղղվել է շուրջ 412 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավմանը՝ շուրջ 40 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցության համար՝ շուրջ 27.6 մլդ դրամ: Սոցիալական ապահովությանը 2022 թվականին տրամադրվել է մոտ 73.9 մլրդ դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, իսկ զբաղվածության խնդիրների լուծման նպատակով ծախսվել է 860 մլն դրամ: Սոցիալական փաթեթների ապահովման համար հատկացվել է շուրջ 9.3 մլրդ դրամ:
Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2022 թվականի ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների բնագավառում իրականացված միջոցառումներին: Անդրադառնալով Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար աջակցություն հատկացնելու ծրագրին՝ նախարարը նշել է, որ այդ շրջանակում նախորդ տարի աջակցություն է տրամադրվել 10.103 երեխայի: Զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականին միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 10.362 անձ, 1178 անձ ձեռք է բերել ժամանակավոր զբաղվածություն՝ ներգրավվելով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է նաեւ կենսաթոշակային ապահովության ոլորտում կատարած փոփոխությունները՝ նշելով, որ կենսաթոշակի հիմնական ցուցանիշները փոփոխվել են երկու անգամ՝ հունվարի 1-ին եւ սեպտեմբերի 1-ին. հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 21.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն: Ըստ նախարարի՝ 2022 թվականի երկրորդ կիսամյակում կենսաթոշակային քարտերով ապահովվել է շուրջ 9 մլրդ 600 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, իսկ հետգործարքներից շահառուներին տրված հետվճարը կազմել է 800 մլն դրամ:
Հաշվետու տարում փաստացի նպաստ է ստացել շուրջ 76.100 ընտանիք, որոնց նպաստի միջին ամսական չափը կազմել է 31.350 դրամ: Նախորդ տարի իրականացվել է 2600 կարիքների խորքային գնահատում: Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացման նպատակով 68 խնամատար ընտանիքում իրականացվել է 106 երեխայի խնամք:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մասնավորապես, նախարարից հետաքրքրվել է, թե ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված ինչպիսի քայլեր են իրականացվում:
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ զբաղվածության ռազմավարությունը դիտարկվում է նաեւ որպես աղքատության հաղթահարման ռազմավարություն, քանի որ զբաղվածությամբ հնարավոր կլինի ապահովել կայուն եկամուտ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն: