Կարևոր իրադարձություններ

«Պահանջատեր սպառող՝ առողջ սերունդ». այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (լուսանկարներ)

15 Մարտ, 2023 16:12
«Պահանջատեր սպառող՝ առողջ սերունդ». այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (լուսանկարներ)

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում մարտի 6-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրազեկման միջոցառումներ է անցկացրել  տարբեր հանրակրթական հաստատություններում և ԲՈՒՀ-երում՝ «Պահանջատեր սպառող՝ առողջ սերունդ» կարգախոսի ներքո:

Տեսչական մարմնի մասնագետները Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում, Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցում, Հայաստանում եվրոպական քոլեջում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներկայացրել են սպառողների իրավունքների պաշտպանության սկզբունքներն ու սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող հիմնական միջոցառումները։

Ինչպես ընտրել անվտանգ սննդամթերք, ինչին ուշադրություն դարձնել գնելիս, ինչպես պաշտպանել իրենց իրավունքները որպես սպառող և մի շարք այլ կարևոր հարցերի անդրադառնալով՝ մասնագետները հատուկ ընդգծել են, որ երիտասարդների իրազեկ, պատասխանատու ու պահանջատեր լինելը շատ կարևոր է ոլորտում առկա խնդիրների կարգավորման, ոլորտի մասին գրագիտության բարձրացման ու պատասխանատու կառույցի նկատմամբ վստահության աճի ապահովման համար:

Հանդիպումներն ընթացել են ինտերակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նման իրազեկման միջոցառումներ նախատեսում է իրականացնել պարբերաբար՝ ոլորտի վերաբերյալ հետաքրքրությունը մեծացնելու, երիտասարդ սերնդի գիտելիքները բարձրացնելու և, այդպիսով, պահանջատեր սպառողի վարքագիծ ամրապնդելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին