Կարևոր իրադարձություններ

«Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը

09 Մարտ, 2023 12:29
«Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը

«Freedom House» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը.

«Հայաստանը զգալի անցումային փուլում է գտնվում 2018-ի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք դուրս մղեցին արմատացած քաղաքական էլիտային։

Նոր կառավարությունը խոստացել է զբաղվել երկարամյա խնդիրների, այդ թվում՝ համակարգային կոռուպցիայի, անթափանց քաղաքականության, թերի ընտրական համակարգի և թույլ օրենքի գերակայության հետ: Երկիրը շարունակում է լրջորեն տուժել 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտությունից, որի ընթացքում մի քանի ամիս շարունակվում էին Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողության համար պայքարը»։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։

2023 թ. զեկույցում Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով: Թուրքիան ևս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի անվտանգային իրավիճակին:

«2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին կտրուկ հակադրվում է կազմակերպության միակ «մասամբ ազատ» անդամ Հայաստանին չաջակցելուն, որի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակումների Ադրբեջանի կողմից։

Նշվել է նաև, որ Ուկրաինայում պատերազը խաթարել է Ռուսաստանի կառավարելու կարողությունը, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական ռեժիմն ուժեղացրել է իր ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ չնայած Ռուսատանի կողմից անվտանգության երաշխիքներին։

Ադրբեջանի զինված ուժերը գրավել է Հայաստանից տարածքներ սահմանի երկայնքով՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին