Կարևոր իրադարձություններ

Ընտանիքում եթե անգամ բռնության մեկ դեպք ունենանք, ապա դա ազդակ է, որ քայլեր ձեռնարկենք. փոխնախարար

01 Մարտ, 2023 21:50
Ընտանիքում եթե անգամ բռնության մեկ դեպք ունենանք, ապա դա ազդակ է, որ քայլեր ձեռնարկենք. փոխնախարար

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես եկավ ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրելու առաջարկով:

«Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները:

Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկարաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է», - պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը` առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արփինե Սարգսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որով իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ:

Նա տեղեկացրեց, որ շատ երկրներ նման արդյունավետ փորձ իրականացրել են:

Փոխնախարարի խոսքով՝ ընտանիքում բռության ենթարկված անձանց պարագայում մեր հանրապետությունը փորձ չունի, բայց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման փորձ արդեն իսկ ունի` Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցներ, որոնք կիրառվում են 2023 թվականի հունվարի 1-ից:

Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որոնցից 619-ով անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել, իսկ 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել:

«Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարեւոր է: Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա դա ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք»,-նկատեց նա՝ փաստելով է նաեւ, որ վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում. քիչ մարդիկ են դիմում, շատերը ենթարկվում են բռնության, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին:

Փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում քննարկել առաջարկները:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին