Կարևոր իրադարձություններ

Արցախի անկախության միջազգային ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները. ԱԳ նախարար

24 Փետրվար, 2023 14:45
Արցախի անկախության միջազգային ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները. ԱԳ նախարար

Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել և շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: «Արցախպրեսս»-ի փոխանցմամբ այս մասին փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հիմքերը իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են. «Արցախի ինքնորոշման և անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում է թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գործող իրավական նորմերին: 32 տարի առաջ Հանրապետության հռչակումը միակ միջոցն էր՝ ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին էլ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը, փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ այդպիսով խախտելով միջազգային  իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները»,- ասաց Սերգեյ Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ նույնիսկ  հարաբերական խաղաղության շրջանում  Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն:

«Զուգահեռաբար,  պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից»,-ասաց Ղազարյանը:

Նախարարը շեշտեց, որ Արցախի և նրա 120 հազար բնակչության՝ ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական  օրինակն է:

Արցախի ԱԳ նախարարը  հավելեց, որ Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից, որի որոշումներն արձանագրեցին Ադրբեջանի կողմից հայերի դեմ տարվող  ռասսայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը. «Դատարանի  եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր  իրականացվող խտրական գործողությունների դրսևորում: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային  և պարբերաբար խախտումները»,- եզրափակեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին