Կարևոր իրադարձություններ

Խորհրդանշական է՝ 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը բացվեց հումանիտար օգնության համար. Միրզոյան

15 Փետրվար, 2023 14:45
Խորհրդանշական է՝ 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը բացվեց հումանիտար օգնության համար. Միրզոյան

Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ 30 տարի փակված հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար։

Այս մասին արտգործնախարարն ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի համատեղ հայտարարության ժամանակ։

Միրզոյանը նախ՝ Հայաստանի անունից ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթեց վնասվածքներ ստացածներին։

«Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ, և աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։

Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին