Այցերի շրջանակներում փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, իսկ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Քրեակատարողական հիմնարկների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություններին հիմնարկների ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, խնդիրներն ու կարիքները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել օպերատիվ իրավիճակի կառավարելիությանը, թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի շրջանառությունը կանխարգելող գործընթացներին, հացադուլների և ինքնասպանությունների կանխման ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև դատապարտյալների օգտակար զբաղվածությանը և ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերին:
Ծառայության պետի տեղակալներին ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում «Երևան-Կենտրոն», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում իրականացված շինվերանորոգման ու կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, վերանորոգվել են դիտաշտարակները, կատարվել են բարեկարգման աշխատանքներ բնակելի գոտիների և վարչական շենքերի հարակից տարածքներում, կառուցվել և հարդարվել են դասասենյակներ, հոգեբանի ընդունելության սենյակ, վերանորոգվել ու կահավորվել են հաշմանդամների համար նախատեսված խցերը, իսկ զբոսահրապարակում տեղադրվել է վերելակ:
Վերոնշյալ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը շրջայց է կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, զրուցել է ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:
Քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքներով Ամբակում Գրիգորյանը և Վարդգես Ծաղիկյանը տվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ հատկապես թմրանյութերի և արգելված իրերի ներթափանցման դեպքերը կանխելու ուղղությամբ: