Կարևոր իրադարձություններ

Համայնքային ծառայողների համար կմշակվեն վարքագծի կանոններ

01 Փետրվար, 2023 20:35
Համայնքային ծառայողների համար կմշակվեն վարքագծի կանոններ

Հաշվի առնելով, որ գործառնվում է բարեվարքության ինստիտուտը, Երևանի քաղաքապետարանը, անմասն չմնալով գործընթացից, հանձն է առել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համայնքային ծառայողների համար մշակել վարքագծի կանոններ: Գործընթացն ապահովելու նպատակով դեռևս նախորդ տարի, համայնք՝ անդամակցելով «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, մշակվեց 2023-2024 թթ. գործողությունների ծրագիր: Նպատակը կառավարման առավել բաց, արդյունավետ և հաշվետու գործելաոճն է:

Ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը քննարկվել են ոլորտային խնդիրներն ու դրանք լուծելու հիմնական ուղիները: 

Համայնքային ծառայողների վարքագծի կանոնները մշակելու նպատակով առաջնահերթ փոփոխությունները կամրագրվեն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև կստեղծվի էթիկայի հանձնաժողով: Ըստ այդմ՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գլխավոր մասնագետ-բարեվարքության հարցերով կազմակերպիչը արդեն իսկ կառաջնորդվի վերը նշված կանոններով: Այս խնդիրները լուծելու նպատակով քննարկումից հետո նախանշվեց գործողությունների շղթան, որը կմեկնարկի արդեն այս ամիս:

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կանցնեն վերապատրաստման մի նոր՝ բարեվարքության դասընթաց: Առաջարկվել է նաև ստեղծել առանձին աշխատանքային խումբ, որը կվերահսկի ամբողջ գործընթացը: Նոր կանոնների ստեղծումը միտված կլինի նաև համայնքում կոռուպցիայի հնարավոր ռիսկերի նվազեցմանը: 

Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մարգարյանը, կարևորելով բարեվարքության ինստիտուտի դերը, ընդգծել է, որ համայնքն ունի շուրջ 1600 համայնքային ծառայող, և յուրաքանչյուրն աշխատանքի ընդունվելիս պետք է գիտակցի այս պարտավորությունը: Համայնքային ծառայողների վարքագծի տիպային՝ օրինակելի կանոնների հաստատումից հետո կկազմակերպվի տեղեկատվական իրազեկում: 

 

Լրահոս

Դիտել ավելին