Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

30 Հունվար, 2023 12:39
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ:

Նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արամ Արամյանը միաձայն (40 կողմ) քվեարկությամբ` ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազ Արամյանին՝ ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: «Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է համապատասխանենք վարքագծի ամենաբարձր չափորոշչին»,- շեշտել է Աննա Վարդապետյանը:

 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամ Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ստանձնած գործառույթներն իրականացնելիս՝ կանի առավելագույնը համակարգի հեղինակությունը բարձր պահելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին