Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    425
    441

  • RUB

    5,42
    5,82

Կարևոր իրադարձություններ

2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվեց պաշտոնից. նախաձեռնվել է քրեական վարույթ

19 Հունվար, 2023 10:40
2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվեց պաշտոնից. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ մի շարք պաշտոնանկություններ կլինեն, մասնավորապես աշխատանքից կազատվեն ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի թիկունքի և կապիտալ շինարարության ծառայության գծով տեղակալը, ինչպես նաև ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը:

Տարածված լուրերը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ: «Ազատությունների մասով հետևեք պաշտոնական տեղեկություններին, իսկ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի մասով քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,-ասաց ՊՆ խոսնակը:

Հարցին` զոհված զինծառայողների թիվը նախնակա՞ն է, Արամ Թորոսյանը հավելեց, որ զոհված զինծառայողները 15-ն են, երեք զինծառայող էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեքի վիճակն էլ ծանր է:

«Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կտարածի, որտեղ նշված կլինեն զոհված զինծառայողների տվյալները»,-եզրափակեց ՊՆ խոսնակը:

հ.գ. մինչ կհասցնեինք հրապարակել հոդվածը, տեղեկություն ստացվեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Գրիգորյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին