Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական ընդլայնումը. Միրզոյան (տեսանյութ)

16 Հունվար, 2023 20:12
Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական ընդլայնումը. Միրզոյան (տեսանյութ)

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը: 

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:

Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այս առումով կարևորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին