Կարևոր իրադարձություններ

Շրջափակման հետևանքով 41 մանկապարտեզ փակվել է. Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկագիր է հրապարակել

10 Հունվար, 2023 19:52
Շրջափակման հետևանքով 41 մանկապարտեզ փակվել է. Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկագիր է հրապարակել

Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:

Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝

Փակվել է 41 մանկապարտեզ․

Փակվել է 56 նախադպրոցական խումբ․

Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․

Ինչ է դա նշանակում: 

6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
 
Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար:

Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։  Ուստի, երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով։

Ինչ է դա նշանակում:

ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին:
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:

Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Ուստի, որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Ինչ է դա նշանակում:

Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում հոսանքազրկումն էլ ավելի է խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Արցախն այժմ կանգնած է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:
 
 

Լրահոս

Դիտել ավելին