Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում 34 կազմակերպություն իրականացնում է ավտոճանապարհների ընթացիկ պահպանումը

10 Հունվար, 2023 11:41
ՀՀ տարածքում 34 կազմակերպություն իրականացնում է ավտոճանապարհների ընթացիկ պահպանումը
Հանրապետության 37 տարածաշրջանում 34 կազմակերպություն իրականացնում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանումը։ Առաջիկայում, ըստ տարածաշրջանների, կանդրադառնանք ճանապարհների ձմեռային շահագործմանը՝ ներկայացնելով այս աշխատանքի առանձնահատկություններն ու սպասարկող կազմակերպությունների գործունեությունը։
 
 
«Ապարանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներ է կատարում Ապարանի տարածաշրջանում։ Այս ոլորտում գործունեություն իրականացնում է տասնամյակներ շարունակ։ Ձմռանը կազմակերպությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 38.7կմ ճանապարհ, որից 26.7կմ-ն՝ միջպետական, 13կմ-ն՝ հանրապետական նշանակության։
 
Ընկերության տնօրեն Արտյոմ Գասպարյանը, որ «Ապարանի ՃՇՇՁ»-ն ղեկավարում է 14 տարի, նշում է, որ համապատասխան մասնագիտացված տեխնիկայով, աղ-ավազի պաշարներով ապահովված են, և ձմռան աշխատանքներն իրականացնելու համար խոչընդոտ չի տեսնում։ Սպասարկվող տեղանքը բարդ է, տարածաշրջանում ձմեռը խստաշունչ է, տեղումներն էլ՝ հիմնականում առատ։ Հաճախ են լինում նաև ձնաբքեր։ Տարիների աշխատանքի ընթացքում ձմռան եղանակային անակնկալներին արդեն սովորել են, աշխատանքի նրբությունները գիտեն, ինչն օգնում է արդյունավետորեն պայքարել ձյան, սառույցի ու բքի դեմ։ Աղ-ավազով մշակելով՝ աշխատում են ասֆալտը չոր պահել՝ սառցակալումից խուսափելու համար, ձնաբքերի դեմ միակ պայքարի ձևն էլ, ըստ պարոն Գասպարյանի, անընդհատ աշխատանքային պրոցեսն է։ Ձմռանը, ի դեպ, աշխատում են 24-ժամյա ռեժիմով։
 
Այս ձմեռը դեռևս ձնառատ չէ, սակայն պարոն Գասպարյանը նկատում է, որ իրենք առատ տեղումներից չեն վախենում, տարիներ շարունակ աշխատել են՝ բնության հետ կռիվ տալով ու պատրաստ են ցանկացած անակնկալի, մանավանդ որ առջևում դեռ ձմռան երկու ամիսներն են, ինչպես նաև՝ անկանխատեսելի գարունը։
 
Ճանապարհները սպասարկողները կոչ են անում վարորդներին ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ուշադրություն դարձնել մեքենաների տեխնիկական վիճակին, երթևեկելիս էլ հետևել սպասարկողների հրահանգներին։

 

Լրահոս

Դիտել ավելին