Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Հետապնդում է հարուցվել սպանվածի եղբորորդու նկատմամբ. ՔԿ

09 Հունվար, 2023 19:09
Հետապնդում է հարուցվել սպանվածի եղբորորդու նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել 52-ամյա տղամարդու՝ դեպքի վայր հանդիսացող տունը, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված:

Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավել մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբոր որդին՝ ծնված 1993 թվականին: Վերջինս, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը, սակայն, հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին