Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

ՀԲԸՄ նախագահն ամփոփել է 2022-ը

01 Հունվար, 2023 15:36
ՀԲԸՄ նախագահն ամփոփել է 2022-ը

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ամփոփել է 2022 թվականը, որում ասվում է.

«Տարին ամփոփում ենք այն ցավալի գիտակցությամբ, որ Արցախի ու Հայաստանի մեր եղբայրներն ու քույրերը կանգնած են մի նոր ճգնաժամի առջև. մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, ինչը կրկին փորձության է ենթարկում մեր կամքն ու վճռականությունը։ 2022 թվականն ավարտելիս ևս մեկ անգամ ստիպված ենք հիշել, որ անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն, և, որ առավել կարևոր է, դիմացկունություն։ Հենց այս հատկանիշներն են ավանդաբար բնութագրել մեր ժողովրդին և առաջ մղել ՀԲԸՄ-ի գործունեությունը։  

Հետհայացք նետելով անցած 12 ամիսների ընթացքում աշխարհի տարբեր հայկական համայնքներում ծավալած մեր գործունեությանը` կարող ենք տեսնել, որ անցած տարին ՀԲԸՄ-ի համար նոր նախաձեռնությունների տարի էր։

Նախ, Միության հիմնական ծրագրերից շատերը վերսկսեցին իրենց բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր համավարակի պատճառով՝ ՀԲԸՄ-ի համայնքներին հնարավորություն ընձեռելով ավելի արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել առցանց հարթակներից դուրս։

Մեր դպրոցները, ամառային ճամբարները, երիտասարդական առաջնորդության ծրագրերը և Երիտասարդ արհեստավարժների միջոցառումները, երիտասարդական, մշակութային, մարզական շարժումները նույնպես ողջ ներուժով վերսկսեցին իրենց գործունեությունը։ Իսկ ՀԲԸՄ-ի Մշակութային բաժնի միջոցառումները լցրեցին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող աշխարհահռչակ դահլիճներն ու սրահները։ Ավելի քան երկու տարի ընկերային հեռավորություն պահելուց և առցանց գործունեություն ծավալելուց հետո մեր տեղական ներկայացուցչությունները բազմատեսակ ծրագրերով ու հնարավորություններով նոր շունչ հաղորդեցին հայկական համայնքային ոգուն։ 

ՀԲԸՄ-ի համար շատ կարևոր մեկ այլ միջոցառում տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերին։ Մենք հավաքվեցինք մեկ տանիքի ներքո՝ անցկացնելու ՀԲԸՄ-ի 92-րդ Ընդհանուր ժողովը։ Մեր անդամները միացան մեզ ավելի քան 25 երկրից՝ իրենց զորակցությունը հայտնելու Հայաստանի ժողովրդին, որ շարունակում է դիմակայել ադրբեջանական թշնամանքին։ Մեր այցից ընդամենը շաբաթներ առաջ մեր հայրենակիցներն ականատեսն էին հայկական ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակմանը, որը մեզ պատճառեց նոր զոհեր՝ խլելով ավելի քան 200 հայորդիների կյանք։  

Հետ նայելով պատմությանը, հատկապես՝ ծայրահեղ մարտահրավերներով լի նախորդ երեք տարիներին, և ունենալով կայուն ապագա կերտելու ու աշխարհասփյուռ հայությանը համախմբելու հստակ տեսլական՝ ՀԲԸՄ-ն 2022 թվականին նոր թափ հաղորդեց մեր շրջանային և տեղական մասնաճյուղերից, համայնքային առաջնորդներից, ակնառու գիտնականներից և մտավորականներից բաղկացած ​​համաշխարհային ցանցին՝ տարածաշրջանային գագաթնաժողովների միջոցով վերասահմանելու 116-ամյա կազմակերպության ապագայի տեսլականը։ Այդ ժողովների ժամանակ ներկաները ներկայացրեցին հայկական համայնքների վերաբերյալ իրենց տեսլականը։ Այլ կերպ ասած, հանդիպումների ժամանակ փորձեցինք հասկանալ, թե սերնդային փոփոխությունների, աշխարհաքաղաքական ու ճարտարագիտական զարգացումների խաչմերուկում իրենց համայնքներում տիրող իրավիճակը, ակնկալիքներն ու տարածաշրջանային կարիքները որքանով են առնչվում ՀԲԸՄ-ի առաքելությանը։ 

Նմանատիպ խորհրդաժողովներ տեղի կունենան 2023 թվականին ևս և կհանդիսանան փոփոխվող աշխարհում մեր կազմակերպության դերի վերագնահատման, վերադասավորման և վերաիմաստավորման խտացված գործընթացի մի մասը: Մեր նպատակն է այս անկեղծ քննարկումներից բխած արդյունքները ծառայեցնել նոր ռազմավարություն մշակելուն և առաջնահերթություններ սահմանելուն։ Դրանք կարտացոլեն ՀԲԸՄ-ի հիմնարար արժեքներն ու գործի կդնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու լավագույն գործիքները՝ օգնելու դիմակայել ապագայի մարտահրավերներին և օգտվել ի հայտ եկող հնարավորություններից:

Այս ամենին ընդառաջ, ՀԲԸՄ-ն այս տարի մեկնարկեց «ԱՊՐԻ»-ն (APRI), որն ապակուսակցական հետազոտական կենտրոն և քաղաքականությունների արագացուցիչ է, որի ծրագրերն ուղղված են տարածաշրջանային կայունությանը, Հայաստանի կայուն բարգավաճմանն ու քաղաքացիական ներգրավվածությանը։ Հստակ լուծումներ առաջարկող ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով «ԱՊՐԻ»-ն նպատակադրում է կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում իրացնել Հայաստանի ներուժը։ Այն նաև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ մասնագետները կարող են աշխատել կառուցողական ու համագործակցային մթնոլորտում՝ արձագանքելու քաղաքականությունների բացերին։ «ԱՊՐԻ»-ն անկախ կազմակերպություն է, որը միաժամանակ իրականացնում է և՛ երկարաժամկետ նախաձեռնություններ և՛ կարողությունների զարգացման կարճաժամկետ ծրագրեր։

Մենք նաև տեսանք, թե ինչ ազդեցություն ունեցան 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո ՀԲԸՄ-ի մեկնարկած «Արցախյան թեմաներով հետազոտություններ» դրամաշնորհային ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է ամրապնդել Արցախի մասին գիտելիքն ու իրազեկվածությունը՝ տարածաշրջանի պատմության, մշակույթի և ներկայիս հարաբերությունների վերաբերյալ հանրային և գիտական հասանելիություն ապահովելու միջոցով: 2021 թվականին տրամադրված 18 դրամաշնորհների շրջանակներում արված հետազոտությունների արդյունքները դեռ հրապարակվում են, իսկ 2023 թվականին կլինեն ֆինանսավորման նոր հնարավորություններ։

Բազմաթիվ օրինակներից այս երկուսն էլ բավական են ցույց տալու համար, թե ՀԲԸՄ-ն ինչ ծավալուն ջանքեր է գործադրում բացահայտումներ կատարելու, հանրային դիսկուրսն ու հետազոտական գործունեությունը խթանելու և վստահելի ու համօգտագործելի նյութ ստեղծելու ուղղությամբ։ Աշխարհն արագ է փոխվում և, ինչպես ականատես եղանք վերջին տարիներին, հայոց աշխարհը նույնպես անմասն չի մնում փոփոխություններից, զարգացումներից և տարածաշրջանային ու համաշխարհային կարգի ցնցումներից։  

Մենք պետք է զգոն լինենք արտաքին ուժերի նկատմամբ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի բարգավաճման վրա։ Մենք նաև պետք է ուշադիր հետևենք Հայաստանի ներքին զարգացումներին և լսենք սփյուռքի ձայնը։ Այդ կերպ մենք կարող ենք գործել որպես միավորված թիկունք և հզորանալ, բայց և կարող ենք թուլացնել մեր ներուժը, եթե թերանանք համագործակցելու կամ փոխադարձ հարգանք ցուցաբերելու մեջ։ 

Մենք անշուշտ անմասն չմնացինք COVID-19 համավարակի հետևանքներից և մատակարարման շղթայի վրա իր ունեցած հետագա ազդեցությունից, որը համաշխարհային գնաճի պատճառ հանդիսացավ։ Մյուս կողմից, արդեն առօրյա բնույթ կրող լիբանանյան ֆինանսական ճգնաժամը շարունակում է խաթարել մեծ թվով լիբանանահայերի հույսերն ու երազանքները, ու, ցավոք, դրա վերջն անգամ չի երևում: Հետո առերեսվեցինք Ուկրաինայի պատերազմին, որն իր հերթին ազդեցություն ունեցավ համաշխարհային շուկաների վրա, իսկ ռուս ներգաղթյալների հոսքը Հայաստան պատճառ հանդիսացավ, որ Հայաստանում բնակարանների վարձակալության գները հասնեն աստղաբաշխական թվերի:

Նախորդող բուռն տարիներից քաղած դասերը պետք է օգնեն մեզ վերանայել ապագայի վերաբերյալ մեր դիրքորոշումները։ Սակայն մենք առաջ պետք է շարժվենք լավատեսորեն, քանի որ, որպես փորձագետների, առաջնորդների, կամավորների, գործընկերների և բարերարների քաջատեղյակ, պատրաստված, կազմակերպված և բանիմաց ցանց` մենք ունենք նոր դռներ բացելու և դժվար մարտահրավերները լուծելու մարդկային և ճարտարագիտական առավելություններ։ Պարզ ասած, աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր հայ կարող է իր դերն ունենալ մեր ժողովրդի, մեր հողի և մեր մշակութային ինքնության ապագայի կերտման գործում: 

Բարեբախտաբար, ինչպես 2022 թվականը ցույց տվեց, այս մղումն արդեն մեծ թափ է հավաքել աշխարհի տարբեր անկյուններում հայության կողմից մատուցված կամավորության և խորհրդատվության, ինչպես նաև ցուցաբերած մարդասիրության շնորհիվ։ 

ՀԲԸՄ-ն վճռական է սկսելու նոր էջ, որը միտված կլինի լուծելու բազմապիսի խնդիրներ, բարձրացնելու պատրաստվածությունը և շարունակելու բովանդակալից ծրագրերը մեր առաքելության շրջանակներում դրական և կառուցողական փոփոխություններին նպաստելու համար. իհարկե, այս ամենի հետ մեկտեղ, աչալուրջ լինելով, որ ապրում ենք անորոշ ժամանակներում։ 

Ցանկանում եմ այս առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել մեր բարերարներին, ընկերներին, գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև մեր շրջանային և տեղական մասնաճյուղերին և ՀԲԸՄ-ի յուրաքանչյուր համայնքի՝ ակտիվ ու նվիրված կամավորներին և անձնակազմին: 

Միայն միասին գործելով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած դժվարին մարտահրավերներն ու, միաժամանակ, օգտվել մեր առջև հայտնված յուրաքանչյուր հնարավորությունից: Ինչպես միշտ, շնորհակալ եմ ձեր նվիրվածության համար և իմ անկեղծ մաղթանքներն եմ հղում առ ձեզ։ Եղե՛ք առողջ և երջանիկ։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

 

Լրահոս

Դիտել ավելին