«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արևային էներգիայի պոտենցիալի, զարգացման ու առկա խնդիրների մասին զրուցել ենք ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանի հետ: Նրա խոսքով, վերջին տարիներին արևային էներգիայի սարքավորումները բավականին էժանացել են, ինչը նպաստել է, որ դրանք մեծ տարածում գտնեն աշխարհում:
«Հայաստանը բավականին հարուստ է արևային էներգիայի պոտենցիալով: Մատչելի սարքավորումների առկայության դեպքում մեր արևը չօգտագործելը խելամիտ չի լինի: Երբ անցած տարի հաստատվեց մինչև 2040 թվականի մեր ռազմավարությունը, ամենակարևոր ուղղություններից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն էր: Նախ՝ այն սեփական ռեսուրս է համարվում և էներգետիկ անկախության տեսակետից մեզ կախվածությունից զերծ կարող է պահել, երկրորդ՝ մեր արևը բավականին շատ է, ինչն ինքնին կարևոր բաղադրիչ է: Ռազմավարությունում ունենք թիրախ, ըստ որի, նախատեսվում է 2030-ին արևային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի մեջ հասցնել 15 տոկոսի»,-ասաց նա՝ նշելով, որ նախանշված թիրախին հասնելու նպատակով այս պահի դրությամբ կառուցման փուլում արդյունաբերական նշանակության երկու՝ միջին և խոշոր կայան ունենք:
Վիկտորյա Քեշիշյանի դիտարկմամբ, 2024 թվականի ավարտին կայանները պատրաստ կլինեն. «Խոսքը Գեղարքունիքում գտնվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» և Արագածոտնի մարզում կառուցվող 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային կայանների մասին է: Բացի այդ, այսօր արդեն ցանցին միացված 369 ՄՎտ հզորությամբ կայաններ ունենք: Դրանք մինչև 5 ՄՎտ հզորություն ունեցող կայաններն են:
Գումարած՝ ինքնավար կայանները, որոնք մեզ մոտ բավականին լայն թափով են զարգանում՝ հաշվի առնելով առաջին հերթին բարենպաստ իրավական դաշտը: Խոսքը սեփական կարիքների համար արևային արտադրություն տեղադրողների մասին է, և այդ իմաստով նրանցից ո՛չ լիցենզիա, ո՛չ էլ որևէ իրավական կարգավորում չէր պահանջվում: Ցանկացած ֆիզիկական անձ կարող էր տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ կայան:
Իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը մինչև 500 կՎտ էր, որը շուկայի ազատականացումից հետո նորից 150 կՎտ դարձավ: Միևնույն ժամանակ, օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել. երբ նշված 500 ԿՎտ-ն իջեցվեց մինչև 150-ի, ստեղծվեց նոր հնարավորություն, ըստ որի, մի քանի արտադրողներ կարող են միանալ, շուկայում հանդես գալ որպես միկոարտադրող կայան՝ մինչև 1050 կՎտ հզորությամբ և մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ հրաժարվելով ինքնավարի կարգավիճակից»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: