Կարևոր իրադարձություններ

Պեստիցիդների ներմուծման պահանջները կխստացվեն

02 Դեկտեմբեր, 2022 22:20
Պեստիցիդների ներմուծման պահանջները կխստացվեն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այսօր հանդիպել է պեստիցիդների (թունաքիմիկատներ) գրանցմամբ և ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ի լրատվական ծառայությունից։

Պարոն Հայրապետյանը ներկայացրել է, որ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ այսուհետ պարտադիր կլինի պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող նյութի լաբորատոր ստուգման ընթացակարգը կմնա նույնը:

 

Նա խոսել է ևս մեկ փոփոխության մասին, որը միտված է խնայելու այս ոլորտի տնտեսավարողների ժամանակն ու ռեսուրսները: Նախկինում պեստիցիդների գրանցման գործընթացի որոշ փուլերի համար հստակ ժամկետներ սահմանված չէին, և այդ անորոշությունը միշտ անհանգստության առիթ է եղել: Այս փոփոխությամբ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր, որի ընթացքում կկազմակեպվեն գրանցման հայտը ստանալուց մինչև բուն գրանցման ու գրանցման վկայականի հանձնման գործընթացները:

Կազմակերպությունների ներկայացուցիչները նախատեսվող փոփոխությունները գնահատելով որպես կառուցողական՝ բարձրաձայնեցին մի շարք գործնական առաջարկներ՝ խոստանալով կարճ ժամկետում ներկայացնել դրանք համակարգված-գրավոր կերպով:

 

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը բաց է ցանկացած քննարկման համար, և պատրաստակամություն է հայտնել մանրամասնորեն դիտարկել բոլոր առաջարկությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին