Կարևոր իրադարձություններ

Եվրադատարանը Հայաստանին առաջարկել է փոխհատուցմամբ հաշտվել Լոռեցյանի հետ. Լևոն Սահակյան

02 Դեկտեմբեր, 2022 12:52
Եվրադատարանը Հայաստանին առաջարկել է փոխհատուցմամբ հաշտվել Լոռեցյանի հետ. Լևոն Սահակյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 19-ին ազատ էր արձակվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել էր դատարանի որոշումը և նախկին փոխնախարարի նկատմամբ գրավ կիրառել:

Դեռևս ապրիլին Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանը դիմել էր Եվրոպական դատարան: 

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխնախարարի պաշտպանը, մի քանի օր առաջ  Եվրադատարանը կրկին արձագանքել է իրենց դիմումին: 

«Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է մինչև 2023 թվականի մարտի 22-ը Գևորգ Լոռեցյանի հետ որոշակի գումարային փոխհատուցմամբ հաշտվել»,-ասաց Լևոն Սահակյանը:

Ըստ փաստաբանի` Եվրադատարանն արդեն իսկ եկել է եզրահանգման, որ «Լոռեցյանն ընդդեմ Հայաստանի» գործով բարձրացված խնդիրներն առերևույթ առնչվում են ի թիվս այլոց` հղում տալով «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով ձևավորված նախադեպին:

«Տվյալ գործով Եվրադատարանը նշել էր` «Կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարացնելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում, և արդեն մի շարք գործերով հայտնաբերվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում»»,-ասաց Լևոն Սահակյանը:

Ինչպես նշեց փաստաբանը` նույնիսկ չէին ակնկալում, որ այսպիսի արագությամբ Եվրոպական դատարանը կարձագանքի իրենց գանգատին: Եվրադատարան դիմել են այն ակնկալիքով, որ կճանաչվի Լոռեցյանի իրավունքների խախտումը: 

Պաշտպանի խոսքով` այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի անհիմն որոշումների պատճառով Եվրոպական դատարանը առաջարկում է Հայաստանին հազարավոր եվրոների փոխհատուցում վճարել Լոռեցյանի խախտած իրավունքի համար, սակայն գործն, ըստ էության, դեռ չի ավարտվել:

«Նույն դատավորը շարունակում է հանդես գալ իբրև վարույթն իրականացնող մարմին, որը ապագայում պետք է վճռի արդեն ազատության մեջ գտնվող Լոռեցյանի անմեղության կամ մեղավորության հարցը: Կարծում եմ` միայն այս հանգամանքը բավարար է, որ պարոն Գաբրիելյանը ինքնաբացարկ հայտնի»,-հավելեց Լոռեցյանի փաստաբանը:   

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ Լոռեցյանը, 2019 թվականի հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին