Կարևոր իրադարձություններ

Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներից. ՀՀ նախագահ

29 Նոյեմբեր, 2022 19:40
Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներից. ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ․

 

Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և մշակութային, և՛ հանրային, և՛ քաղաքական և ընդհանրապես, հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող բոլոր ոլորտների տեսանկյունից:

Հեռուստատեսությունն ինքնին նորանոր հորիզոններ էր բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար և ավելին՝ հենց ինքն էլ հավակնում էր դառնալ արվեստի յուրովի տարատեսակ:

Հայկական հեռուստատեսության կայացման ուղին՝ անցած շուրջ 7 տասնամյակի ընթացքում լեցուն է եղել վերելքներով, ձեռքբերումներով և իհարկե, դժվարություններով, որոնց հաղթահարումը դարձել է մի նոր նվաճում:

Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներին, մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու պատրաստակամությունից, իհարկե, անցնելով նաև քաղաքական ու գաղափարախոսական գրաքննության ու կաղապարների բովով: Միևնույն ժամանակ հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը:

Այսօր գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպիսի խիզախություն էր հայկական հեռուստաընկերության կողմից 1988 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանն ուղիղ հեռարձակելու որոշումը:

Ոչ պակաս դժվարին է գնահատել, թե ինչպիսի մշակութային նշանակալի իրադարձություն էր 1983 թվականին «Անուշ» ֆիլմ-օպերայի եթերում հայտնվելը, կամ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որի գեղարվեստական ղեկավարն էր Օհան Դուրյանը:

Մենք շատ երկար կարող ենք թվարկել հայկական հեռուստատեսության կայացման հանգրվաններն ու նվաճումները, բայց ամենակարևորը մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:

Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին