Կարևոր իրադարձություններ

Օրեր են լինում` երեխաները քնած են, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում». «Փաստ»

29 Նոյեմբեր, 2022 09:47
Օրեր են լինում` երեխաները քնած են, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սոսը սիրված էր ու հարգված: «Նոր ենք բացահայտում, որ այդքան մեծ շրջապատ է ունեցել Աբովյանում: Իմացել ենք այդ մասին, բայց շարունակում ենք բացահայտել Սոսին բոլոր առումներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Փորքաշյանի մայրիկը՝ տիկին Աննան: Նրա խոսքերով, դպրոցական տարիներին գեթ մեկ անգամ իրեն դպրոց չեն կանչել որդու առաջադիմության կամ էլ վարքի համար:

«Գերազանց չէր սովորում, բայց դասի ժամանակ անգամ կարող էր կարդալ առաջադրանքը, սովորել և իր գնահատականը ստանալ: Կարողացել էր նաև դասարանում յուրատեսակ կարգ ու կանոն ապահովել, որ որևէ մեկը դասը չխանգարի»,-նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ պատահական չէ, որ ուսուցիչների սիրելին է եղել: Տիկին Աննան որդու մասին խոսելիս ասում է՝ Սոսը, «դրսի» երեխա լինելով, անսահման նվիրված էր ընտանիքին. «Չորս զավակ ունեմ՝ երկու որդի և երկու աղջիկ: Մեծ տղաս Թալիշում էր ծառայում, երբ Սոսը բանակ զորակոչվեց: Կատակում էր՝ հեռու տեղ եմ ծառայելու, որ հետևիցս չգաս: Զորակոչվեց Մատաղիս: Քառօրյա պատերազմից հետո Սոսի՝ Մատաղիսում ծառայելու լուրը մեզ համար դժոխային էր»:

Հետաքրքիր է, գուցե ճակատագրական այն փաստը, որ 2019 թ.-ին Սոսի հասակակից բոլոր տղաները «պավեստկա» էին ստացել, ինքը՝ ոչ. «Ստիպեցի, թե՝ գնա, ներկայացի, թե չէ հետախուզում կհայտարարեն: Մեկ շաբաթվա տարբերությամբ երկու անգամ գնացել էր զինկոմիսարիատ, ամեն անգամ մի պատճառաբանությամբ հետ էին ուղարկել տուն: Երրորդ անգամ նոր թղթերը ձևակերպեցին, հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ, օգոստոսի 10-ին երդման արարողությունն էր: Ոտքերին կոշիկներից վերք էր եղել, ինքն՝ այդքան ուժեղ, բայց մի տեսակ ընկճված էր: Ընկերներից մեկը, որ ավելի երկար ժամանակ էր ծառայում, ասաց՝ մի անհանգստացեք, նոր է ծառայությունը սկսել, բոլորիս մոտ էլ սկզբից այդպես է: Լացելով եմ տուն վերադարձել, կարծես բնազդով զգում էի, որ հողը...»,-ասում է տիկին Աննան:

Երկուսս էլ միտքը չենք շարունակում՝ ամեն կերպ հետաձգելով պատերազմի մասին զրույցը: Երդմնակալությունից մի քանի օր անց որդին մայրիկին ասում է, որ իրեն Ստեփանակերտի հոսպիտալ են տեղափոխել՝ ծնկներում ջուր է հավաքվում: Հետո Սոսին տեղափոխում են Երևան՝ հոսպիտալ, հետո՝ Էրեբունի հիվանդանոց. «Վեց ամիս հոսպիտալներում է եղել: Կարող էր և չծառայել, բայց դիմում է գրել բժշկին, թե շատ լավ եմ, գնում եմ ծառայությունս շարունակելու: Շատերն էին զարմանում, ասում՝ մարդիկ ծանոթ են գտնում, որ չգնան, դու ինքնակամ, այն էլ՝ խնդիր ունենալով, ուզում ես շարունակել ծառայությունդ: Բայց ինքն այդպիսին էր՝ ուրիշ էր, պարզ, մաքուր, տարբերվող, կյանքով լեցուն»:

Բժիշկն ասել էր՝ երբ վերադառնաս ծառայության, նորից նույն խնդիրը գլուխ կբարձրացնի, այդպես էլ եղել է, բայց համառ տղան որևէ մեկին չի ասել այդ մասին: Սոսը մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ընկերներն են պատմել ընտանիքին՝ Սոսին անգամ հրամանատարն է հորդորել գնալ հոսպիտալ, ուռած ծնկներով չմնալ, չի համաձայնել, իրեն վստահված դիրքը հսկելը պարտականություն էր. «Սեպտեմբերի 27-ին՝ այդ չարաբաստիկ օրը, լուրերով տեղեկացանք, որ պատերազմ է սկսվել: Շատ մեծ դժվարությամբ կապ հաստատեցինք իր հետ: Հանգստացրեց մեզ՝ ամեն ինչ կարգին է, կզանգեմ:

Հաջորդ օրերին խոսում էին՝ դիրք կորցրեցինք, դիրքը հետ վերցրեցինք, զոհեր ու վիրավորներ ունենք, այս բոլոր զրույցներն ինձանից գաղտնի էին պահում: Հոկտեմբերի 2-ին, երբ խոսում էինք իր հետ, այնքան հանգիստ էր, անգամ կատակում էր: Հիմա, երբ գիտենք, թե ինչ պատերազմի մեջ են եղել, հիշում եմ զրույցները՝ մեկ շշուկ անգամ չէր լսվում: Մայր եմ, ի՞նչ պետք է հարցնեի՝ ո՞նց ես, հաց կերե՞լ եք, տա՞ք եք հագնված: Ծիծաղեց՝ հա, Մատաղիսում քեֆ ենք անում: Հաջորդ օրն էլ խոսեցինք, հետո կապը կորավ»:

Սոսի հայրիկը ծանոթներից մեկի միջոցով կապ է հաստատել հրամանատարական կազմից մեկի հետ, որ կարողանան գոնե որդու ձայնը լսել, իմանան, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ասել էին՝ հանգիստ եղեք, իրենք անտառներում են: «Բայց առաջնագծում են եղել՝ ամենավտանգավոր տեղում: Հոկտեմբերի 7-ին զոհված տղաների անուններ հրապարակվեցին, ամուսնուս ընկերոջ տղայի անունն էլ կար, Սոսի հետ էր ծառայում: Խառնվեցինք իրար: Այդ օրը հայրիկի հետ խոսել էր Սոսը՝ պապ, հանգիստ եղեք, բայց որ չգամ էլ, հանկարծ դուխներդ չգցեք»:

Հիմա արդեն ծառայակից ընկերների հիշողություններով փորձում են վերստանալ այդ օրերի իրադարձությունների քարտեզը. «Իր ընկերներից Տիգրանը, որը, փառք Աստծո, վերադարձել է, պատմում է՝ տղաներին մեկ օրով պետք է «Կալգոտկա» կոչվող պոստեր բարձրացնեին, ասացի՝ մի գնա, էնտեղից հետ չեն գալիս: Սոսը պատասխանել է՝ դու չպետք ա ինձ ասես, գնամ, թե չէ: Տիգրանն էլ իր հետ է բարձրանում: Հրամանատարը, երբ Սոսի մեդալը բերեց, պատմեց՝ Սոսը վեց տղայի հետ առաջին գծում էին, մենք իրենց թիկունքում, մեր թիկունքում էլ պետք է ՄՈԲ-ը լիներ…»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին