Կարևոր իրադարձություններ

Գերմանական հիմնադրամի գործընկերների հետ քննարկվել են քրեակատարողական նոր հիմնարկի լուծումները

22 Նոյեմբեր, 2022 17:24
Գերմանական հիմնադրամի գործընկերների հետ քննարկվել են քրեակատարողական նոր հիմնարկի լուծումները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգի և դրա լուծումների մշակման աշխատանքային խումբը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Սարգսյանը փաստել է, որ IRZ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու գաղափարը մտել է իրականացման փուլ։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեակատարողական ենթակառուցվածքների ստեղծման ոլորտում մասնագիտացված, գերմանացի փորձագետներ Թոմաս Մյուլլերի և Հայկո Օբերլեի տրամադրած խորհրդատվության հաշվառմամբ մշակվել են հիմնարկի եռաչափ պատկերը և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը։

IRZ ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթն իր հերթին նշել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցության տրամադրումը նոր ուղղություն է IRZ-ի համար։

Նկատի ունենալով համագործակցության դրական արդյունքները՝ Վուքերթը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ քայլերի ձեռնարկումը միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկ ունենալու հարցում։

Հանդիպման շրջանակներում կողմերը համատեղ դիտարկել են մշակված լուծումները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել համագործակցությունը նաև նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման փուլում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին