Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետը հանձնարարել է սկսել վարորդների հավաքագրումը

21 Նոյեմբեր, 2022 14:06
Քաղաքապետը հանձնարարել է սկսել վարորդների հավաքագրումը

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը:Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:

Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

Հաշվի առնելով, որ Ամանորին ընդառաջ մայրաքաղաքում ակտիվանում է փողոցային առևտուրը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ դեպքերը հայտնաբերելու և երևույթը բացառելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է:

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս սահմանված կարգի համաձայն տնտեսվարողները պարտավոր են մայթերը մաքրել ձյան ու սառույցի կուտակումներից:

Սարի թաղի 16 փողոց ապահովվել է գիշերային լուսավորությամբ: Տեղադրվել է 220 LED լուսատու:
Ավարտվել են նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի օղակաձև ճանապարհի երկրորդ հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում:

Ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել վարորդների հավաքագրումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին