Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Մա՛մ, չտխրե՛ս, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ. «Փաստ»

06 Հոկտեմբեր, 2022 09:16
Մա՛մ, չտխրե՛ս, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճը լի էր մարդկանցով, քիչ չէին նաև նրանք, ովքեր սպասում էին բակում՝ ձեռքներին ծաղիկներ, գրքեր, խումբ-խումբ հավաքված ու իրար հետ զրուցող: Բոլորս սպասում էինք «Երբ վարագույրը կիջնի. ՆԱՐԵԿԸ» գրքի շնորհանդեսին: Նարեկ Սերոբյանի մասին պատմել եմ մեր ընթերցողներին. ծանր էր գրել Նարեկի մասին ու հասկանալ, որ ապագայի մի կարևոր մասնիկ ենք կորցրել որպես հանրություն ու պետություն: Դահլիճի մի անկյունում փոքրիկ սեղանի վրա նրա լուսանկարներն էին, գրքերը, թերթերի հրապարակումները, մեծ էկրանին Նարեկի պայծառ լուսանկարը՝ ժպտացող, հուսադրող, ուժ տվող: Բայց օդը ծանրացել էր, չէր հերիքում: Նարեկի քույրը՝ Աննան, ասում է՝ նրա անմահանալուց հետո որոշեցին եղբոր լեցուն կյանքի մասին պատմել հանրությանը:

«Որոշեցինք, որ պետք է փոքրիկ, բայց բովանդակալից գիրք գրվի: Գրքի ստեղծման պատմությունը ևս հետաքրքիր էր, պատահական ենք հանդիպել հեղինակին, որը ստանձնեց այդ պատասխանատու գործը՝ գեղարվեստական համեմունք տվեց մեր հրաշք ստեղծագործությանը: Տրամադրել էինք Նարեկի ընկերների, հարազատների, ուսուցիչների սևագրությունները, իսկ Ադի Ալյենը գեղարվեստական ոճով հետաքրքիր գույն տվեց դրանց»,«Փաստի» հետ զրույցում ասում է նա:

Քույրիկի խոսքով, այս գիրքն ընթերցողներին հնարավորություն է տալու Նարեկին ճանաչելու, իսկ ճանաչողներին էլ՝ նրան նորովի բացահայտելու: «Գիրքն անչափ լուսավոր է: Մարդիկ այն կարդալով՝ կկարողանան շատ ու շատ կարևոր արժեքների մասին մտորել, կգիտակցեն, թե մարդն ինչպես կարող է ապրել 19 տարի ու հասցնել այսքան շատ բան անել»,-նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ Նարեկի մասին գիրքը չէր կարող լուսավոր չլինել, քանի որ Նարեկը լույս մարդ է: «Մեր հերոս տղաների մասին գրքերը պիտի լինեն բոլորիս սեղաններին: Դա լավագույն տարբերակն է նրանց ճանաչելու, հասկանալու, թե ինչ ենք կորցրել... Ապագա ենք կորցրել: Ինչպես նախորդ անգամ ձեզ հետ զրույցում մայրս ասաց, գանձ կորցրեցինք ու այսպես մնացինք դատարկ»,-եզրափակում ենք Աննայի հետ զրույցը:

Վարագույրը բացվում է, և հնարավորություն ենք ստանում ծանոթանալու Նարեկի հետ: Ֆիլմ էին պատրաստել նրա մասին: Հնարավո՞ր է մի քանի րոպեի ընթացքում պատմել թեկուզ կարճ կյանք ապրած երիտասարդի մասին: Ոչ: Հատկապես, երբ նրա կյանքի յուրաքանչյուր օրը լի է եղել ուսմամբ, բացահայտումներով, նորը սովորելու ու ստեղծելու ձգտումով: Նախքան ֆիլմի ցուցադրությունը՝ Ռուսլանի կատարմամբ «Կյանք ու կռիվ» երգը մայրերին տարավ ռազմի դաշտ, իսկ մեզ, որ միայն հաղորդակից ենք ցավին, ստիպեց արտասվել: Ռուսլանն ասում է՝ «շատ տղաների նվիրված միջոցառումների եմ երգել, բայց կուզենայի նրանց հարսանիքներին ու ծնունդներին երգել, ոչ թե հիշատակի երեկոներին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին