«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թշնամին շարունակում է ռազմական հանցագործությունների դիմել: Վերջին ապացույցը հայ գերիների գնդակահարությունն էր, որի տեսանյութն Ադրբեջանը տարածել էր սոցիալական հարթակներում: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից նաև կանանց խոշտանգման, դիերի պղծման մասին փաստող բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեպետ միջազգային հարթությունում մեր մի շարք փաստաբաններ ահռելի աշխատանքներ են տանում, բայց մեզ համար առարկայական արձագանքներ դեռ չկան:
Նրա խոսքով, հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը այդ ամբողջ շարքում հերթականն է. «Այդ տեսանյութի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պետք է ընթացակարգեր ձեռնարկի թե՛ ՄԻԵԴ, թե՛ Արդարադատության միջազգային դատարան դիմելու կամ այն արդեն իսկ առկա գործերին կցելու տեսանկյունից: Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ՀՀ-ի ու հայ ազգի տեսանկյունից մեր՝ մասնագետներիս համար միջազգային իրավունքը պրակտիկայում կորցնում է իր արդիականությունը: Մենք ականատես չենք լինում այն լուծումներին, որոնք պետք է լինեին: Կարելի է ասել, որ իրավունքի դաշտում ավելի մեծ նշանակություն է ունենում քաղաքական ենթատեքստը: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը հերթական ողբերգությունն էր մեզ համար»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: