Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 4-ին տունս քանդվեց, մեր տան երջանկությունն ենք կորցրել. ավագ լեյտենանտի մայր. «Փաստ»

20 Սեպտեմբեր, 2022 08:45
Հոկտեմբերի 4-ին տունս քանդվեց, մեր տան երջանկությունն ենք կորցրել. ավագ լեյտենանտի մայր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռաֆայել Նահապետյանը ոստիկանության Աշոցքի բաժանմունքի ավագ լեյտենանտ էր: Մայրիկը՝ տիկին Էմման, ասում է, որ պատերազմն սկսվելուն պես Աշոցքի բաժնում 20 հոգանոց ցուցակ էին կազմել, տղաները պետք է գնային նախ Վանաձոր: Որդու անունն այդ ցուցակում չի եղել: Նույն ցուցակում ներառվածներից մեկը եղել է նորածնի խնամքի համար տրվող արձակուրդում, Ռաֆայելն ասել էր՝ իր փոխարեն իմ անունը գրեք, միևնույնն է՝ եթե չտանեք էլ, մեքենայով ձեր հետևից կգամ:

«Սեպտեմբերի 28-ին եկավ տուն, մեզանից գաղտնի հագուստը վերցրեց, մենք անասնագոմում գործ էինք անում, մեզ բան չասաց ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմման:

Նշում է՝ որդին շատ հայրենասեր էր, Գարեգին Նժդեհի գաղափարներով էր ապրում, գիշեր-ցերեկ նրա մասին էր խոսում: Սիրելի զավակի մասին հարազատների, ընկերների, համակուրսեցիների, ոստիկանության աշխատակիցների հուշերը մայրիկը և բանաստեղծուհի Հասմիկ Խաչատրյանը նրան նվիրված գրքում են մեկտեղել: «Շնորհանդեսի մասին տեսանյութ կա, կարող ես դիտել»,-առաջարկում է նա ու շարունակում. «Շատ սիրուն տղա է իմ տղես, որ նայես, աշխարհում չկա, իր նման երկրորդը չկա: Երկու համալսարան կարմիր դիպլոմով էր ավարտվել, դպրոցը նույնպես գերազանցությամբ էր ավարտել, սովորում էր Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, փոխադրվել էր երկրորդ կուրս, մտածում էր ամուսնանալու մասին:

Աղջիկները կողքերը պտտվում էին, ասում էի՝ տղա ջան, ամուսնացի, ասում էր՝ մա՛մ ջան, համբերի, Նոր տարուն կամուսնանամ: Մտածում էի՝ երևի սիրած աղջիկ ունի: Այդ օրերին աչքովս անընդհատ մի աղջիկ էր ընկնում, շատ էր լացում, կարող է պատահի՝ ինքն էր»,-նշում է զրուցակիցս:

Մանկուց էր այդպիսին՝ անսպառ սեր ուներ դեպի գիտելիքը, նախքան դպրոց գնալն անգամ տառերը գիտեր, արտասանում էր, թվաբանություն էր սիրում: Տան փոքր երեխան էր, բնական է՝ ամենասիրվածը: «Մեր տան փայլող աստղն էր, մեր տան երջանկությունը: Կորցրել ենք աշխարհի գանձը: Աղջի՛կ ջան, շատ լավ, դաստիարակված ընտանիք ունեմ, բոլոր երեխաներս բարձրագույն կրթություն են ստացել, ես հիսուն տարի է՝ հաշվապահ եմ աշխատում: Քիչ չէ: Ես էլ եմ ժամանակին կարմիր դիպլոմով ավարտել»,-ասում է տիկին Էմման:

Արձագանքում եմ՝ օրինաչափ է, որ նման ընտանիքի զավակն էլ այսպիսին է եղել: Մայրիկը հակադարձում է՝ Ռաֆայելս ինձանից առավել էր: Որպես ոստիկան՝ բանիմաց էր, գիտելիքներով հարուստ, գիտեր իր անելիքը: «Կարգ ու կանոնով ոստիկան էր, նվիրված ծառայող, ոստիկանության մեկ տարվա աշխատող էր, երբ նախարարությունից շնորհակալական պատվոգիր էր ստացել և նաև հնարավորություն՝ հարցազրույցով ակադեմիա ընդունվելու:

7-10 գյուղ էր սպասարկում, մյուս գործընկերների հետ նաև իրենց համայնքներ էր այցելում, փորձում ավելին անել, օգտակար լինել: Ինքը վստահաբար առաջ էր գնալու ոստիկանության համակարգում, բոլոր նախադրյալներն ուներ դրա համար, մեծ պատասխանատվություն ուներ իր աշխատանքի հանդեպ, առհասարակ պատասխանատու մարդ էր: Հարգալից էր բոլորի նկատմամբ, տան երեխաներին դասերն էր սովորեցնում, չկար առարկա, որից գիտելիքները թերի լինեին»,-ասում է տիկին Էմման ու հավելում՝ արժեքներ ունեցող, յուրահատուկ, կարգին մարդ էր, շատ խիստ էր, բայց միևնույն ժամանակ նաև բարի ու մարդկային»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին