Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը

15 Սեպտեմբեր, 2022 16:12
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները ներկայացրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, որից հետո Հովակիմ Հովակիմյանը բարձրաձայնել է ՍԴ գործունեության հիմնական ուղենիշների վերաբերյալ իր դիտարկումները: Նա առաջարկել է սահմանադրական բարեփոխումների համատեքստում դիտարկել համապատասխան իրավական հիմքերի ամրագրման հնարավորությունը, եւ ՍԴ կողմից խորհրդատվական բնույթի կարծիքներ տրամադրելու մշակույթը դարձնել իրավակիրառ պրակտիկայի բաղկացուցիչ մաս: Նա առաջարկել է մեկնաբանության ինստիտուտի կատարելագործման նպատակով սահմանադրական դրույթների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու իրավասությունը եւս ամրագրել Սահմանադրությամբ: Հովակիմ Հովակիմյանի համոզմամբ՝ խորհրդատվական բնույթի կարծիքներ եւ պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավահարաբերությունները Սահմանադրությամբ կարգավորելով՝ ամրապնդվելու է հանրային իշխանության մարմինների միջեւ փոխադարձ հարգանքն ու փոխգործակցությունը:

Թեկնածուն ընդգծել է, որ Սահմանադրության դրույթների անխափան իրացման եւ ամրագրված չափանիշների երաշխավորման համար կարեւոր է իրավական պետության հանգամանքը, պետություն, որի գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա եւ որպես գլխավոր նպատակ՝ որդեգրել է մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու ապահովումը:

Հովակիմ Հովակիմյանը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կներդնի ՍԴ դատավորի պատասխանատու գործում:

Թեկնածուն անդրադարձել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդատվական բնույթի կարծիքներ եւ պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավահարաբերությունները Սահմանադրությամբ կարգավորելու նպատակահարմարությանը, ՍԴ-ն, ԲԴԽ-ն եւ Վճռաբեկ դատարանը մեկ մարմնում միավորելու հնարավորությանը, ոչ հավաստի տեղեկություններ տարածող լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող քայլերին եւ այլն:

ՍԴ դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 

Լրահոս

Դիտել ավելին