Կարևոր իրադարձություններ

Արցախում հրդեհի 45 դեպք է գրանցվել. ԱԻՊԾ

05 Սեպտեմբեր, 2022 13:08
Արցախում հրդեհի 45 դեպք է գրանցվել. ԱԻՊԾ

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1020 ահազանգ, որից 903-ը՝ ճանաչողական բնույթի:

Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 12, բնածին 33 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ:

45 հրդեհի դեպքերի մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում:

Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:

Հակահրդեհային նորմերի պահպանման և խախտումների վերաբերյալ համապատասխան վերլուծական աշխատանքներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 13 դռան և 1 վերելակի բացում:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:23-ին, Ստեփանակերտ քաղաքի Արթուր Մկրտչյան հասցե մեկնած փրկարարները, բացելով փակված բնակարանի դուռը, հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնված 1933 թ.) դին, դեպքի առթիվ ստուգումներ են իրականացնում ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակիցները:

Նշված ժամանակահատվածում առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ:

Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել են 53 պայթուցիչ, հրթիռակասետային 2 ռումբ, ականանետի 17 ական, 51 արկ, 10 ձեռքի և 4 նռնականետի նռնակ:

ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

 

Լրահոս

Դիտել ավելին