Կարևոր իրադարձություններ

Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի Հայրենիքի հանդեպ պատասխանատվության. Արցախի ՆԳ նախարար

02 Սեպտեմբեր, 2022 11:42
Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի Հայրենիքի հանդեպ պատասխանատվության. Արցախի ՆԳ նախարար

Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղերձը՝ Հանրապետության հռչակման օրվա առթիվ.

«31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով՝ հռչակվեց Արցախի Հանրապետությունը:

Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ միասին կերտել է մեծ ու փոքր հաղթանակներ, պահպանելով իր ազգային դիմագիծը, լեզուն ու հավատը, ազգային արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները:

Ինչ խոսք, դա հեշտ ճանապարհ չէր: Սակայն, մեր ժողովուրդն իրեն հատուկ տոկունությամբ ու խիզախությամբ հաղթահարեց բազում դժվարություններ՝ գիտակցելով, որ փորձությունները տրվում են ուժեղներին:

Խոնարհվում եմ Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակի առաջ:

Փա՜ռք ու պատիվ այն հերոս զավակներին, ովքեր սահմանին են և լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:

Թանկագի՛ ն հայրենակիցներ

Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի Հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Եվ ուրեմն, մեր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ ու համատեղ ջանքերով պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին