Կարևոր իրադարձություններ

Ավազակային հաձակում՝ Փափազյան փողոցում գործող ծրագրավորման գրասենյակի վրա (տեսանյութ)

12 Հուլիս, 2022 14:29
Ավազակային հաձակում՝ Փափազյան փողոցում գործող ծրագրավորման գրասենյակի վրա (տեսանյութ)

Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող՝ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով չորս անհայտ անձանց կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ, նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշյալ գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ և ատրճանակի նմանվող առարկայի և դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով և պլաստմասսե ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին և ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար:

Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, որին ևս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70 000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ:

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ:

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 

Լրահոս

Դիտել ավելին