Կարևոր իրադարձություններ

Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով (լուսանկարներ)

07 Հուլիս, 2022 14:49
Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով (լուսանկարներ)
Պաշտոնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա:
 
Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածությունը։
 
Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է կրթօջախում, ծանոթացել պայմաններին: Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսաբանական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ դասընթացների, ցուցահանդեսների ու ժամանցի համար։
 
Հաստատությունում տեղի են ունենում բնապահպանության ոլորտի քննարկումներ ու բանավեճեր, երիտասարդները մշակում են շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր։
 
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նաև «Երիտասարդական թաղամաս»: Այն տեղակայված է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանի նախկին շենքում՝ Լուվրի պալատի հարևանությամբ։ Թաղամասը երիտասարդների հյուրընկալման կենտրոն է՝ բոլոր անհրաժեշտ տարածքներով ու ծառայություններով։
 
Կենտրոնի մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար։ Այն ներառում է coworking-ի համար նախատեսված տարածք, սրճարան, երիտասարդների աջակցման ծրագրերի գրասենյակ, աշխատանքի ընդունման կենտրոն, ինչպես նաև երիտասարդներին աջակցող այլ ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական ու հոգեբանական աջակցության գրասենյակներ։
 
Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ գործակցության լավագույն օրինակներից է Փարիզում «Թումո» կենտրոնի հիմնումը: Երևանի ներշնչմամբ իրագործված ծրագիրն արդեն շուրջ 1500 պատանու թվային աշխարհում կայանալու հնարավորություն է տալիս:
 
Երևանի քաղաքապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու պատանիների համար ստեղծված պայմաններին:
 
Կարևորելով երիտասարդների դերը երկրի ու պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցության շնորհիվ հարկավոր է զարկ տալ երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերի իրագործման նախաձեռնություններին:
 

Լրահոս

Դիտել ավելին