Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարն անդրադարձել է նախարարության կողմից մշակված թվայնացման ստանդարտներին

29 Հունիս, 2022 21:31
ԲՏԱ նախարարն անդրադարձել է նախարարության կողմից մշակված թվայնացման ստանդարտներին

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հունիսի 29-ին նախաձեռնել էր հանդիպում՝ քննարկելու Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նա իր խոսքում կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը ՀՀ պետական ծառայությունների թվայնացման գործընթացներում: Նախարարի տեղակալը խոսել է նաև նախարարության կողմից մշակված թվայնացման ստանդարտների մասին, ընդգծել նոր համակարգն այդ ստանդարտներին համապատասխանեցնելու կարևորությունը:

Դավիթ Սահակյանը հույս է հայտնել, որ ակտիվ ու արդյունավետ քննարկման արդյունքում վեր կհանվեն բոլոր այն խնդիրները, որոնք շտկելու դեպքում կստեղծվի հայտարարագրերի գրանցման և վերլուծության  գործընթացն էապես հեշտացնող, միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա իր խոսքում կարևորել է պետական մարմինների հետ ակտիվ համագործացկությունը, շնորհակալություն հայտնել ծրագրի գործընկերներին, փորձագիտական խմբին։ Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ այս քննարկումը կնպաստի, որպեսզի Հայաստանում հայտարարագրման էլեկտրոնային համակարգն առավել կատարյալ, արդյունավետ և օգտակար լինի:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչ, փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանն ողջունել է ներկաներին, նշել, որ վերջերս շատ է խոսվում Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճի և զարգացման ներուժի մասին, բայց նաև մատնանշել, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի ստեղծած պրոդուկտները, գիտելիքը, կարողությունները ոչ բավարար չափով են սպասարկում Հայաստանի տնտեսությունը և պետական կառավարման համակարգը։ Նա նաև հույս է հայտնել, որ մասնավոր հատվածի կարողությունները, ինովացիոն ներուժը և պետության կարիքներն ու պահանջները՝ ինչ֊որ մի կետում կհատվեն։

 

Հանդիպման ընթացքում ԿԿՀ ներկայացուցիչները բարձրաձայնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվող հայտարարագրման նոր էլեկտրոնայի համակարգի կարիքների և ֆունկցիոնալության մասին, ներկայացվել է միջազգային փորձագետի կողմից նոր ներդրվող էլեկտրոնային համակարգի ճարտարապետության և ֆունկցիոնալ նկարագիրը, ինչպես նաև քննարկվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի փոխգործելիության հարթակը:

Հանդիպման 2-րդ հատվածում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ գոյություն ունեցող էլեկտրոնային համակարգերի, դրանց կառուցվածքի ճարտարապետության, տվյալների որակի, փոխգործելիության և անվտանգության հարցերի շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին