Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելեց Մասսենա թանգարան և Շատո դը Նիս

29 Հունիս, 2022 20:30
Աննա Հակոբյանն այցելեց  Մասսենա թանգարան և Շատո դը Նիս

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Մասսենա թանգարան։ Թանգարանի տնօրեն Ժան-Պիեռ Բարբերոն,  ընդունելով Հակոբյանին, նշել է, որ քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկի համարում ունեցող թանգարանը կրում է Նապոլեոնի զորահրամանատարներից Անդրե Մասսենայի անունը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Շրջայցի ընթացքում Ժան-Պիեռ Բարբերոն Աննա Հակոբյանին պատմել է, թե ինչպես  20-րդ դարասկզբին մարշալ Մասսենայի ժառանգորդների կողմից կառուցված դղյակը նվիրաբերվել է պետությանը՝ այն թանգարանի վերածելու պայմանավորվածությամբ։

 

Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ դիտել է ցուցադրվող նմուշները, որոնք ներառում են   Մասսենայի ընտանիքին պատկանող  անձնական իրեր, արվեստի գործեր, հնաոճ կահույք, ինչպես նաև Նիցցայի պատմության թեմատիկ տարրեր։

Թանգարանի տնօրենը ներկայացրել է, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի և Ժոզեֆինայի անձնական իրերը, հուշանվերները, նամակները։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցանմուշների մասին   հետաքրքիր  մանրամասներ ներկայացնելու համար։

Վարչապետի տիկինը շրջայց է կատարել  նաև Նիցցայի հին քաղաքում, այցելել Շատո դը Նիս՝ քաղաքի հիմնադրման վայրը, որը ոչ միայն Նիցցայի, այլև ամբողջ Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, և ծանոթացել է քաղաքի` տարբեր ժամանակաշրջաններում զարգացման պատմությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին