Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի փոխնախարարը ընդունել է Վրաստանում «ՄԱԿ կանայք» կազմակերպության նորանշանակ ներկայացուցչին

24 Հունիս, 2022 18:50
Էկոնոմիկայի փոխնախարարը  ընդունել է Վրաստանում «ՄԱԿ կանայք» կազմակերպության նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունիսի 22-ին ընդունել է Վրաստանում «ՄԱԿ կանայք» կազմակերպության նորանշանակ ներկայացուցիչ Կաորի Իշիկավային։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էին «ՄԱԿ կանայք» ծրագրի ղեկավար Դիոն Բաթերսբին, ծրագրի վերլուծաբան Նանի Բանդելիանին և «ՄԱԿ կանայք» հայաստանյան գրասենյակի վերլուծաբան Հրաչյա Կաժոյանը։

Ողջունելով հյուրերին` Արմեն Արզումանյանը բարձր է գնահատել «ՄԱԿ կանայք» կազմակերպության հետ ձևավորվող արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել փոխգործակցությունը տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կանանց ներգրավմամբ տնտեսական ծրագրերի իրականացման, սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացման և աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացան մասին։

Անդրադարձ է կատարվել Կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»-ի տնտեսության առաջընթացի մեջ դերին, որի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը։ Այն ուղղված է կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում Արմեն Արզումանյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող կանանց կյանքի որակը բարելավող պայմանների ստեղծումը, ինչը թույլ կտա նրանց առանց խոչընդոտների ներգրավվել տնտեսության զարգացման գործում։

 

Մտքեր են փոխանակվել նաև ներկայումս իրականացվող մի քանի ծրագրի շուրջ։

Հանդիպման ավարտին Արմեն Արզումանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և կարևորել  համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին