Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղարի հետ

24 Հունիս, 2022 10:59
ՊԵԿ նախագահը հանդիպել է  ՀՄԿ գլխավոր քարտուղարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդնստաշրջաններին:

Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։

ՀՄԿ տարեկան նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մաքսային ծառայությանը՝ ՀՄԿ կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությանը: Կողմերը դիտարկել են նաև ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում ՀՀ մաքսային ծառայության ներկայացվածության հարցը: Նշենք, որ 2018-2022 թվականներին ՀՀ մաքսային ծառայությունը հանդիսանում է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ։

Քննարկվել են նաև 2023թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովին կամ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Ռուստամ Բադասյանը հայտնել է ՀՀ ՊԵԿ պատրաստակամությունը՝ ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Ի դեպ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնին՝ ՀՄԿ տարածաշրջային շնագիտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցին: Հանդիպմանը դիտարկվել է նաև ՀՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսը 2023 կամ 2024 թվականին ՀՀ-ում կազմակերպելու հարցը։

Ռուստամ Բադասյանը և Կունիո Միկուրիան ընդգծել են, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր հարթություն:

 

Լրահոս

Դիտել ավելին