Կարևոր իրադարձություններ

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Միրզոյան

06 Մայիս, 2024 21:23
Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Միրզոյան

Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է.

«Շնորհակալ եմ հարցերի համար: Ուզում եմ կրկին սկսել խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությունը վերահաստատելուց: Մենք, ինչպես նշեցի, անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը նույնպես բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից և երկու ժողովուրդների շահերից: Եվ ուզում եմ նաև զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով:

Դուք, ես որքան նկատեցի, մի փոքր գուցե կատակով, գուցե հեգնանքով «պինգ-պոնգ դիվանագիտություն» անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների և հարցերի շուրջ: Եվ նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ. մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և ըստ էության սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության եկել սկզբունքի շուրջ: Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, օրինակ, և ամենակարևորը ես կնշեի այն, որ երկու երկրները վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Արդեն, ինչպես նշեցի, սա արտացոլված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում և պայմանավորվածություն կա արտացոլել սահմանազատման գործընթացի վերաբերող կանոնակարգի հիմքում և այլն:

Եվ ահա ես կարծում եմ և ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել այն մասին, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, ևս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում, և ես կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը:

Անշուշտ, կան էլի հարցեր, օրինակ, քիչ առաջ ես խոսում էի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, այստեղ ևս մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք, օրինակ, Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներին համաձայն: Ահա այս հարցերի շուրջ, որտեղ կարծում եմ, որ մեզ կհաջողվի ուշ թե շուտ գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների դեպքում, ինչպես նշեցի, և փոխվարչապետի դեպքում որոշակի ըմբռնում կա: Հիմա, եթե մեզ հաջողվի այս ամենը հստակորեն արձանագրել նաև խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք հասնում ենք տեղ եկրարատև խաղաղության հաստատման առումով:

Բայց ես ուզում եմ օգտվել առիթից և նաև կրկին շնորհակալություն հայտնել հունգարական կողմին մի շարք հարցերի, օրինակ, հումանիտար հարցերի լուծման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: Մենք հիշում ենք՝ ինչպես հունգարական կողմի ջանքերով նաև գերությունից ազատվեցին հայ ռազմագերիներ և գիտենք, որ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման և հումանիտար հարցերի կարգավորման հարցում հունգարական կողմը շարունակում է իր ջանքերը, ինչպես նաև, Լեռնային Ղարաբաղից փախստականներին հումանիտար աջակցության, օրինակ, նաև երեխաների համար ճամբարների կազմակերպման գործում, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում» :

 

 

Լրահոս

Դիտել ավելին