Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ և որքա՞ն է տուգանվել «Հայբիզնեսբանկ»-ը. «Ժողովուրդ»

24 Հունիս, 2022 08:48
Ինչո՞ւ և որքա՞ն է տուգանվել «Հայբիզնեսբանկ»-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի «Հայբիզնեսբանկ» -ի եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի կանոնադրական կապիտալի 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով 2022 թվականի հունվարի 24-ի համակենտրոնացումը օրենքով սահմանված կարգով չհայտարարագրելը Հանձնաժողովը որակել է որպես չհայտարարագրված համակենտրոնացում։ Եւ օրենքի խախտման համար «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2 մլն 125 հազար դրամի չափով։ 

Տուգանվել է նաեւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2 մլն 125 հազար դրամով։ Բացի այս, «Հայբիզնեսբանկ»-ի մյուս բաժնետեր «Էմ ԷՖ ԷՄ» ընկերությունը եւս տուգանվել է 2 մլն 125 հազար դրամով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Այս տարվա հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունեցել, ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։

Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկը, որովհետեւ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։  Իսկ «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը Վիտալի Գրիգորյանցն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ասել է թե՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Կենտրոնական բանկի հիմնադրած ընկերությանը։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին