Կարևոր իրադարձություններ

Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

18 Հունիս, 2022 20:20
Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության  Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին Արմավիրի մարզի Չոբանքարա կոչվող տարածքի մի առանձնատնից, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենայի առևանգման և ապօրինի զենք զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30 և 32 տարեկան երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։


Պարզվել է, որ նրանք իրենց 33-ամյա ընկերոջ հետ հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 300 000 դրամ պարտքի համար խաբեությամբ առևանգել են պարտատիրոջ 44-ամյա ազգականին և տեղափոխելով Չոբանքարա տարածքի առանձնատուն՝ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:


Բացի այդ, հունիսի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելով, պարտատիրոջ տան մոտից առևանգել են նրա ընկերոջ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:


Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:


Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին