Կարևոր իրադարձություններ

Տերմինատորի վերադարձից մինչև «գլխատված» պաշտոնյաներ. ում խնայեց և ում «գլխատեց» կոալիցիոն սուրը TOP 10

13 Փետրվար, 2016 12:38
Տերմինատորի վերադարձից մինչև «գլխատված» պաշտոնյաներ. ում խնայեց և ում «գլխատեց» կոալիցիոն սուրը TOP 10

 

Այս ամիս ամենաշատը քննարկվեցին նրանք, ովքեր պաշտոն ստացան, պաշտոն կորցրեցին կամ էլ մի կերպ պահեցին յուր աթոռը: Եվ այսպես, այդ պաշտոնավազքին մասնակցեցին.

 

10. Արփինե Հովհաննիսյան

Բոլորին հետաքրքրում էր, թե արդյոք այս խելացի գեղեցկուհուն վիճակված է պաշտոնավարել ընդամենը հինգուկես ամիս, թե՞ նրա քաղաքական թիմին այդուհանդերձ կհաջողվի հաղթահարել կոալիցիոն Մինոտավրի ախորժակը՝ նրան մեկ այլ աթոռ նետելով: Ի վերջո, կնոջ տակից աթոռ փախցնելն իսկապես գեղեցիկ չէր լինի: Դա նույնիսկ անհնար է, մանավանդ երբ այդ կինը վայելում է վարչապետական թևի լիարժեք հովանավորությունը:

 

9. Լևոն Մկրտչյան

Նա այս ամիս արդարացիորեն համեմատվեց տերմինատորի հետ, որը միշտ ու դարձյալ վերադառնում է, քանի որ նա արդեն չորրորդ անգամ է ստանձնելու կրթության նախարարի պաշտոնը: Կիրթ ու գրագետ, համեստ ու հանդարտ նախարարը կարող է վերջապես խաղաղություն բերել այս գերակտիվացած ու գերհոգնած ոլորտին: Նրա պարբերաբար կրկնվող նախարարացումը չափազանց ուշագրավ էր, սակայն պաշտոնավարումը չի սպառնում դառնալ հանրային հետաքրքրասիրության հետագա օբյեկտ:

 

8. Ֆելիքս Ցոլակյան

Պարզվում է՝ Շիրակի մարզում շատերը քվեարկում են իշխանությունների դեմ, սակայն սիրում են իրենց ներկայիս հանրապետական մարզպետին: Նրա պաշտոնանկության լուրը բացասական հանրային արձագանք առաջացրեց: Տրտնջացին ոչ միայն յուրային գյուղապետերը, այլև նույնիսկ առանձին ռադիկալ ընդդիմադիր գործիչներ, սակայն կոալիցիոն թուրը չխնայեց նաև այս մարզպետին, և նրա աթոռը նետվեց քաղաքական նոր համագործակցության զոհասեղանին:

 

7. Դավիթ Լոքյան

Վարչապետի հետ ջերմագույն անձնական հարաբերություններ ունեցող դաշնակցականի անունը վերջին շրջանում հաճախ շրջանառվեց տարածքային կառավարման նախարարի պորտֆելի շրջանակներում: Նրա անունը բազմաթիվ անգամներ հնչեց, սակայն բացասական հույզեր չառաջացրեց իշխանական որևէ ճամբարում: Արդյունքում նա բավական քննարկվեց ու հեշտությամբ զավթեց ՏԿԱԻՆ-ի թագավորության կեսը կամ նույնիսկ կեսից ավելին:

 

6. Արմեն Երիցյան

Նրա Վարչապետը կարողացավ պահել նրան կառավարությունում, թեկուզև կրճատված լիազորություններով: Քիչ թուլացած, բայց կոալիցիոն երկրաշարժին դիմացած Արտակարգ իրավիճակների նախարարը հրաժեշտ տվեց մարզպետների հետ իր տառապալից ու չհաջողված աշխատանքին և վերադարձավ ելման դիրք, որտեղ կարողացել էր էականորեն բարելավել փրկարարական, հրշեջ և արտակարգ այլ ծառայությունների որակն ու ձևավորել շատ դրական հանրային կարծիք:                                           

 

5. Արման Թաթոյան

Նա առաջադրվեց իշխանության կողմից և լայնորեն քննարկվեց ամենաընդդիմադիր գործչի՝ Զարուհի Փոստանջյանի հետ մրցակցության ֆոնին: Նրա գրագետ և համեստ անձը բնականաբար քննադատվեց մի շարք իրավապաշտպանների կողմից, բայցև գովաբանվեց մի քանի պալատական ընդդիմախոսների շուրթերով: Խուսանավելով քաղաքական բանտարկյալների մասին հարցից՝ նա հաղթեց Զարուհուն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում և հասավ լիագումար նիստ: Նա է այսուհետ չորրորդ օմբուդսմենը, այս ամսվա հինգերորդ ամենաքննարկվածը և վաղվա հարձակումների առաջին թիրախը:


4. Կարեն Ճշմարիտյան

Կոալիցիոն սուրը գիշերն անցավ բոլոր նախարարների կողքով, բոլորը բացեցին աչքերը, Ճշմարիտյանը նույնպես բացեց աչքերը և իր աթոռին տեսավ մեկ ուրիշին: Երկրորդ անգամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը լքող Ճշմարիտյանն առաջարկեց չանձնավորել իր հեռացումը, սակայն մարդիկ շատ լավ հասկանում են, որ նա զոհաբերվեց հանուն քաղաքական մի նոր սիրո, բայց միայն այն պատճառով, որ վաղուց էր կորցրել յուր փոքր թիմի սերն իր անձի հանդեպ:

 

3. Արծվիկ Մինասյան

Մի քանի նախարարական պորտֆելների հավակնած տնտեսագետ-իրավաբանն իր նախկին կուտակակենսաթոշակային-ընդդիմադիր և սահմանդրաբարեփոխիչ-իշխանական գործունեության պտուղները կվայելի տնտեսական նախարարության իր բարձունքից: Երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների սիրեցյալ պատգամավորը դարձավ երիտասարդ հանրապետականների սիրեցյալ նախարար: Նրա հասցեին Շարմազանովի վերջերս հնչեցրած դիֆերամբներն ասվածի վառ ապացույցն էին:

 

2. Արմեն Աշոտյան

Աշոտյանն արեց իր գործը, Աշոտյանը կարող է հեռանալ: Հանրության մի հատվածը նախ տոնեց ու քննարկեց նրա ոտքի կոտրվածքը, հետո էլ տոնեց ու քննարկեց նրա հրաժեշտը նախարարական պաշտոնին: Նրա քաղաքական ընկերախումբը սրտառուչ խոսքերով ողողեց մեդիա դաշտը, բայց չկարողացավ կասեցնել նրա հեռացումը: Ի վերջո նրան շատ սիրող Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Անկախ Հայաստան ֆեյքը կարող են չտխրել. նա դեռ ունի իր հեղինակային հաղորդաշարը, իր երգերը, իր կուսակցական աշխատանքը և իր ֆեյսբուքյան հայտնի էջը:  

 

1. Զարուհի Փոստանջյան

Այս ամսվա պաշտոնավազքում չհաջողած այս գործիչն առաջնորդվում էր հայտնի օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը: Իր այդ մասնակցությամբ խիզախ կինն օգնեց իշխանությանը, քանի որ ժողովրդավարական գործընթացի շունչ և տպավորություն հաղորդեց շատերի համար ձանձրալի ու անարժեք ՄԻՊ ընտրության գործընթացին: Նա նաև օգնեց խորհրդարանական մի քանի ընդդիմադիրների, ովքեր ևս մի անգամ ընդգծեցին իրենց ընդդիմադիր կեցվածքը: Նա օգնեց նաև հանրությանը երազախաբ լինել և բացահայտել, որ «Մյուդ» համալսարանի շրջանավարտ Զարուհին չի համապատասխանում հանրապետական մեծամասնության թե՛ քաղաքական և թե՛ մասնագիտական ճաշակին:

 

Այս ամիս հասարակությանը հետաքրքրեցին նաև այլ հարցեր, պաշտոններ ստացան ու կորցրեցին նաև այլ գործիչներ, բայց եթե նրանք այս տասնյակում չեն, ուրեմն նրանց հիշատակումն այս համատեքստում այսօր արդեն կամ դեռևս անիմաստ է:

 

Տիգրան Գալստյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին