Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիրը

19 Մայիս, 2022 14:51
Մեկնարկել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիրը

44-օրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակության մեջ։ «Իմ Քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։

Ինչպես փոխանցում են հիմնադրամից, պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ի հունվար ամսից՝ թիրախավորելով 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորներին։

Առաջին փուլն իրականացվում է Շիրակի մարզում՝ վիրավոր զինվորների մեծ թվով և գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված։

Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է այն իրականացնել ՀՀ այլ մարզերում ևս։

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման համար ապրիլի 1-ին կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Հուշագրի նպատակն է՝ համատեղել կողմերի ջանքերը պատերազմի մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:

Ինչպես նաև, ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ից 14-ը Գյումրի քաղաքում իրականացվել են խմբային ոչ ֆորմալ հանդիպումներ ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած հաշմանդամություն ստացած պատերազմի մասնակիցների հետ, որտեղ բազմամասնագիտական թիմը (ծրագրային թիմ, կարիերայի խորհրդատու, հոգեբան) իրականացրել է կարիքների նախնական գնահատում և ներկայացրել ծրագրի մանրամասները:

Իրականացվել են մարզի գործատուների հետ հանդիպումներ, որոնց նպատակն է վերհանել մարզում առկա թափուր հաստիքները և պահանջվող որակավորումները:

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում՝ մայիսի 18-22-ը՝ Դիլիջան քաղաքում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված մասնակիցները կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, և յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

 

Լրահոս

Դիտել ավելին