Կարևոր իրադարձություններ

Բնակարանից ոսկեղեն են գողացել (տեսանյութ)

11 Մայիս, 2022 13:46
Բնակարանից ոսկեղեն են գողացել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 4-ին Երևանի Ռուբինյանց փողոցում բնակարանային գողություն էր կատարվել:

Տանտիրուհին մի քանի ժամով էր տնից բացակայել` ժամը 9-ից 17.30-ը: 

Այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր բնակարանի դռան փականն ու ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Գողության մասին ահազանգը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից՝ ժամը 17.35-ին: Տուն վերադարձած տանտիրուհին տեսնելով կատարվածը՝ 1-02 էր զանգել:

Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզներն ուսումնասիրեցին տարածքն ու սկսեցին օպերատիվ միջոցառումները: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել:

Հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն։

Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Ավան-Առինջի, մյուսը՝ Սարի թաղի բնակիչ:

Մայիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվեցին քննչական մարմնին: Նրանք կալանավորվել են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին