Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը և Մենենդեսն անդրադարձել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը (տեսանյութ)

06 Մայիս, 2022 11:40
 Միրզոյանը և Մենենդեսն անդրադարձել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը (տեսանյութ)

Մայիսի 5-ին ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։

Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեսի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչը կարևոր նշանակություն ունի արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։  

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ 

Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։ 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։ 

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին