Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները (լուսանկարներ)

03 Մայիս, 2022 14:45
Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները (լուսանկարներ)

Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի լավագույն բարեկամներին:

Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջև ամուր համագործակցության վկայությունն է:

Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանքներ է փոխանցել Սենատի նախագահ Ժերար Լարշեին` նշելով, որ երեսուն տարիների ընթացքում մեր երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական սերտ փոխգործակցություն:

Հանդիպմանը քննարկվել է բարեկամության խմբերի կարևոր դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտությամբ է հիշել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործուն մասնակցությամբ 2020 թ. 44-օրյա պատերազմի, 2020 թ. հուլիսի հայ-ադրբեջանական սահմանային բախումներ հրահրելու վերաբերյալ մի շարք դատապարտող բանաձևերի ընդունումը:

Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ:

Ֆրանսիական կողմը վերահաստատել է այդ հարցում իր գործուն աջակցությունը` հավելելով, որ երկրների մշակութային արժեքները համամարդկային ժառանգություն են:

Կողմերն անդրադարձել են 2021 թ. նոյեմբերի 20-23-ը ՀՀ ԱԺ նախագահի` Ֆրանսիա կատարած այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Հանրապետության Սենատի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրին, ինչն էլ ավելի է խորացնում արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական և գործնական հարաբերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին