Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ․ ՀՀ ԱՆ

28 Մարտ, 2022 18:18
Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ․ ՀՀ ԱՆ

Հոգեկան առողջությունն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Առաջին հանդիպումն անցկացվել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ոլորտում առկա բոլոր խնդիրները, շեշտել դրանց լուծման կարևորությունն ու նախանշել լուծումները: Փոխնախարար Արմեն Նազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընթացին աջակցողներին և նշել` նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր խնդիրների լուծմանը:

Փոխնախարարը հատկանշել է, որ հոգեկան առողջության խնդիրները պատասխանատու գերատեսչության ուշադրության ներքո են և նկատել` այսօր հիմնանորոգվում ու միջազգային չափորոշիչներին համապատասխան վերազինվում է հոգեկան առողջության ազգային կենտրոնը, որտեղ վերջին 30-40 տարվա ընթացքում ոչ մի նորոգման աշխատանք կամ բարեփոխում չի իրականացվել: Հատկանշական է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է մանկական հոգեբուժական ստացիոնար ծառայություն: Փոխնախարարը վստահեցրել է, որ նախարարի` աշխատանքային խումբ ստեղծելու հրամանը միտված է մինչ օրս առկա բացերը վերհանելուն և դրանց լուծումները գտնելուն:

Առաջին հանդիպմանն աշխատանքային խմբում հստակեցվել են հետագա ուղղությունները, բաժանվել պարտականությունները և սահմանվել դրանց կատարման ժամկետները:

 

Լրահոս

Դիտել ավելին