Կարևոր իրադարձություններ

Շուրջ 1400 ծնող հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 15:23
Շուրջ 1400 ծնող հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ (լուսանկարներ)

Արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն 6-րդ անգամ կազմակերպված այցելության շրջանակում երևանաբնակ շուրջ 1400 ծնողներ են մեկնել զորամասեր: Ավանդույթի համաձայն ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ճանապարհել: 

Բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Շնորհակալագրերի հետ զինվորներին և սպաներին որպես նվեր փոխանցվել է նաև բանաստեղծ Արա Ալոյանի «Համանվագ ցավի և հարության» պոեմը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոս Էդվարդ Պողոսյանի (Մգո) հիշատակին: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից նաև անհրաժեշտ գույք է տրամադրվել:
Ինչպես և նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ ծնողները հնարավորություն են ստացել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զորամասի ճաշարաններում էլ ծանոթացել են ճաշացանկին ու սննդակարգին: 
Զինվորական հրամանատարությունը, խիստ կարևորելով Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը, հերթական անգամ ընդգծել է, որ այս այցելությունները ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով: 
Զինծառայողների ծնողները, ինչպես նաև հենց իրենք՝ զինծառայողները նույնպես բարձր են գնահատել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն ու իրենց երախտագիտությունը հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պարբերաբար ցուցաբերվող ուշադրության և վերաբերմունքի համար:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին