Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն անտարբեր է այդ կարգի հայտարարությունների հանդեպ

19 Հոկտեմբեր, 2015 15:16
ԲՀԿ-ն անտարբեր է այդ կարգի հայտարարությունների հանդեպ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին, բազում քննարկումների առիթ հանդիսացավ: Ոմանք ողջունեցին, ոմանք էլ ուղղակի մատների արանքով նայեցին այդ հայտարարությանը:

Արա Աբրահամյանի նոր ստեղծվելիք կուսակցության վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան ի՞նչ տեսակետ ունեք նոր ստեղծվելիք կուսակցության վերաբերյալ

-Բազմաթիվ անգամներ ասել եմ և չեմ զլանում մեկ անգամ ևս կրկնել՝ քաղաքականության մեջ Կիկոսի մահի սցենարով պատմություններն ինձ համար բացարձակապես հետաքրքիր չեն, երբ Արա Աբրահամյանը իրապես կստեղծի կուսակցությունը, երբ մենք գործ կունենանք փաստի հետ, կփորձենք հասկանալ, թե ինչ գաղափարական հենքի  վրա է ստեղծվում, այդ ժամանակ իմաստ կունենա շատ ավելի առարկայորեն պատասխանել այդ հարցերին:

Ընդամենը արված հայտարարություն, որ Արա Աբրահամյանը ստեղծելու է  կուսակցություն. “մարտին կասի ստեղծում է, թե ոչ, և իր կուսակցությունը փրկում է Հայաստանը”, այդ կարգի հայտարարություններն ինձ համար հիմք չեն ավելի լրջորեն անդրադառնալու այդ խնդրին: Ես որքանով  հասկանում եմ վերջին շրջանում բոլորը ինչ-որ ցանկանում են փրկել Հայաստանը, չգիտեմ թե ինչից կամ ումից են փրկում:

-Կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ը թերահավատորեն է վերաբերվում Արա Աբրահամյանի հայտարարությանը:

-ԲՀԿ-ը բացարձակապես անտարբեր է այդ կարգի հայտարարությունների հանդեպ, մինչև այն պահը, երբ մենք կհասկանանք ստեղծում է այդ կուսակցությունը, թե՞ ոչ: Երբ հասկանանք, որ այդ լուրջ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունն է, այդ ժամանակ գնահատականը կլինի նորմալ:

- Արա Աբրահամյանը, եթե ստեղծի կուսակցություն և մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ԲՀԿ-ն այս դեպքում մրցակից կհամարի՞ այդ կուսակցությանը:

- Ոչ, բացարձակապես ոչ: Չնայած տարատեսակ չարագույժ կանխատեսումներին և խիստ ուղղորդված հրապարակումներին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ԲՀԿ-ը հանրային ամենամեծ վստահություն ունեցող քաղաքական ուժն է: Իհարկե փետրվարյան իրադարձություններից հետո ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հանդեպ հանրային վստահությունը որոշակի անկում արձանագրեց, ազնիվ չի լինի, եթե չարձանագրեմ՝  այդ թվում նաև մեր կուսակցության հանդեպ, բայց այնուամենայնիվ  ԲՀԿ-ի նկատմամբ հասարակությունն ունի դրական վերաբերմունք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին