Կարևոր իրադարձություններ

Գյումրի քաղաքի երկու բնակիչ կալանավորվել է ավազակություն կատարելու մեղադրանքով․ ՔԿ

11 Մարտ, 2022 18:27
Գյումրի քաղաքի երկու բնակիչ կալանավորվել է ավազակություն կատարելու մեղադրանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գազալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքը:

2022թ. փետրվարի 5-ի ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, զինված ինքնաձիգով և մուրճով, գումար հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Գյումրու Խանջյան փողոցում գտնվող գազալցակայան և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կրակելով հատակին և պատին, աշխատակիցներից գումար են պահանջել և հափշտակելով դրամարկղում առկա շուրջ 150.000 ՀՀ դրամ գումարը՝ դիմել են փախուստի:

 

«Քննությամբ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած  անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի՝ 1990թ. և 1994թ. ծնված բնակիչներ են:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են՝ խմբի կազմում, հրազենի գործադրմամբ, շինություն ապօրինի մուտք գործելով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի բնակարանում հայտնաբերվել և վերցվել են «AKM 47» մոդելի 7,62մմ տրամաչափի ինքնաձիգն իր փամփշտատուփով՝ լիցքավորված 4 փամփուշտով, նույն տրամաչափի 9 փամփուշտ, 14 հատ դանակ, ձեռնոցներ, իսկ մյուսի բնակարանից՝ «AKC» մոդելի ինքնաձիգ, 11 փամփուշտ, 3 հատ դանակ, 12 փաթեթ մարիխուանա և 1 փաթեթ «շոկո» տեսակի թմրամիջոցներ, առգրավվել են դեպքի պահին առերևույթ հանցագործություն կատարած անձանց հագին եղած հագուստները, նշանակվել են դատաձգաբանական, դատաքրեագիտական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝  նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին